09:39 2 հունիսի, 2022Գիտնականներն ապացուցել են, որ դեղորայքային թմրախոտի օգտագործումը մի շարք առավելություններ ունի առողջության համար, այն վերացնում է տագնապայնությունը, սրտխառնոցը, նպաստում է գլաուկոմայի, ջղակծկումների բուժմանը։ Բայց ամեն մարդ տարբեր կերպ է արձագանքում թմրախոտին, եւ կարող են առաջանալ անսպասելի կողմնակի ազդեցություններ, գրել է Eat This, Not That!-ը։
Նյու Մեքսիկոյի նահանգի համալսարանի հանրային առողջապահության պրոֆեսոր, բժիշկ Հուչբանդանին նշել է, որ որոշ տեսակի դեղեր (օրինակ՝ հոգեմետ եւ այլն) ընդունող մարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ թմրախոտը կարող է ուժեղացնել կամ թուլացնել որոշ դեղամիջոցների ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել ուժեղ կողմնակի ներգործությունների։ Ծխախոտ եւ թմրախոտ ծխելը բարձրացնում է քիմիական նյութերի (օրինակ՝ շմոլ գազի) եւ խեժերի ներգործության վտանգը, որոնք կարող են առաջացնել քաղցկեղային հիվանդություններ։
Հուչբանդանիի խոսքով՝ չնայած թմրախոտն օգտագործվում է քրոնիկական ցավերի եւ որոշ հոգեբուժական հիվանդությունների բուժման համար, հետազոտությունները ցույց են տվել, որ կա դեպրեսիվ կամ մոլագարության ու փսիխոզների ախտանշանների առաջացման բարձր հավանականություն՝ կախված թմրախոտի չափաբաժնից ու տեսակից։ Բացի այդ, նրա խոսքով՝ երկար ժամանակ թմրախոտ ծխելը կարող է դժվարացնել շնչառությունը կամ մեծացնել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, ասթմայի, բրոնխիտի կամ թոքաբորբի առաջացման հավանականությունը։
Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ թմրախոտը կարող է ազդել սննդային տրակտի շատ հատվածների վրա՝ առաջ բերելով այնպիսի հետեւանքներ, ինչպիսին են սրտխառնոցը, փսխումը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, լյարդի ախտահարումը։ Այս էֆեկտները կարող են ի հայտ գալ սուր թունավորման կամ այդ օրգանների երկարատեւ ախտահարման ձեւով։
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ թմրախոտի քրոնիկական օգտագործումը կարող է ազդել մտավոր կարողությունների եւ հիշողության, տեղեկատվությունն ընկալելու ուղեղի ունակության վրա, ինչը կարող է վատանալ թմրախոտի չափաբաժնի ավելացման եւ երկարատեւ օգտագործման, ինչպես նաեւ ծերանալու հետ կապված, ընդգծել է բժիշկը։
Մասնագետն ավելացրել է, որ բացի մտածողության եւ հիշողության խախտումներից, կարճ ժամկետում թմրախոտը կարող է հանգեցնել հալյուցինացիաների, գիտակցության մթագնումների, քնկոտության եւ կողմնորոշման կորստի։