Ինչո՞վ է վտանգավոր կետոդիետան

17:22   13 հունիսի, 2022

Կետոդիետան կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների եւ երիկամներում քարերի առաջացման, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, ՌԴ նախագահի աշխատակազմի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Եգան Կորոլյովան։

Մասնագետը նշել է, որ սկզբնական շրջանում կետոդիետան մշակվել է էպիլեպսիայով հիվանդների համար, եւ միայն ժամանակի ընթացքում է այն սկսել կիրառվել նիհարելու համար։

«Կետոդիետան ածխաջրերի ցածր եւ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ է: Սննդակարգից մենք հեռացնում ենք ածխաջրերով հարուստ մթերքները՝ մրգերը, խմորեղենը, քաղցրավենիքը, ձավարեղենը: Եվ կենտրոնանում ենք ճարպերով հարուստ մթերքների վրա՝ ձու, ավոկադո, թթվասեր, կարագ եւ այլն»,- բացատրել է Կորոլյովան։

«Սննդակարդի էությունն այն է, որ մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար անհրաժեշտ է մեկ գրամ սպիտակուց: Պետք է լինի չորս անգամ ավելի շատ ճարպ՝ մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար՝ չորս գրամ, իսկ ածխաջրերը պետք է չորս անգամ ավելի քիչ լինեն»,- նշել է սննդաբանը։

Այնուամենայնիվ, սա այն դիետան չէ, որը կարելի է խորհուրդ տալ բացարձակապես բոլորին, ովքեր ցանկանում են նիհարել։ Այն ունի բազմաթիվ հակացուցումներ, զգուշացնում է էնդոկրինոլոգը։ 2018 թվականին ներկայացվել են հետազոտության արդյունքները, որին մասնակցել է 24 000 մարդ։

«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ մարդկանց 50 տոկոսը կետոդիետայի ֆոնին ավելի հավանական է, որ ունենա սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, այսինքն՝ անոթային հիվանդություններ, իսկ մահվան ռիսկը մեծանում է 50 տոկոսով»,- ընդգծել է փորձագետը։

Կորոլյովայի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ճարպը, որը մարդը օգտագործում է, նստում է արյունատար անոթների պատերին։

Նա նշել է, որ նման դիետան հակացուցված է նաեւ երիկամներում քարեր ունեցողներին։ Ապացուցված է, որ մարդկանց 7 տոկոսից ավելիի մոտ կարող են քարեր առաջանալ։ Իսկ եթե արդեն կան քարեր, ապա դրանց թիվն ավելանում է կետոդիետայի ազդեցությամբ։

Միաժամանակ, ըստ բժշկի, 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ կարող են փորձել հետեւել այս սննդակարգին։

«Ճարպերը մեծացնում են բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Կետոդիետան ածխաջրերի ցածր պարունակություն է: Հենց այն, ինչ անհրաժեշտ է շաքարախտով հիվանդներին»,- պարզաբանել է փորձագետը։



© NEWS.am Medicine