Ինչո՞վ է վտանգավոր «լավ» խոլեստերինի չափազանց բարձր մակարդակը

20:27   14 հունիսի, 2022

Երբեմն խոլեստերինի մակարդակը չափում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ողջ կյանքի ռիսկը կանխատեսելու համար, եւ համարվում է, որ «լավ»՝ ԲԽԼ խոլեստերինի ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ ամենաքիչն են ենթարկված այդ վտանգին: Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել «լավ» խոլեստերինի եւ սրտի հիվանդությունների բարդ փոխազդեցությունը:

Արյան մեջ խոլեստերինը տեղափոխվում է երկու տարբեր տեսակի սպիտակուցներով, որոնք կոչվում են «վատ» եւ «լավ» խոլեստերին: Վերջինս, որը բժշկության մեջ հայտնի է որպես բարձր խտության լիպոպրոտեին (ԲԽԼ), անհրաժեշտ է կենսաբանական ֆունկցիաների անխափան աշխատանքի համար։ Այն կլանում է վնասակար մոլեկուլները եւ վերադարձնում դրանք լյարդ, որտեղ դրանք դուրս են մղվում մարմնից: Պատմականորեն համարվել է, որ այն նվազեցնում է սրտի կաթվածի եւ ինսուլտի դեպքերը: Սակայն նոր գիտական տվյալների համաձայն՝ «լավ» խոլեստերինի ավելցուկը կարող է 96 տոկոսով մեծացնել սրտի հիվանդություններից մահանալու վտանգը։

Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մոտ 10 000 պացիենտների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԲԽԼ խոլեստերինի բարձր՝ ավելի քան 80 մգ/դլ մակարդակ ունեցող մարդկանց մոտ 96 տոկոսով բարձր է «բոլոր պատճառներով» մահվան ռիսկը:

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ սրտանոթային հիվանդություններից մահանալու վտանգը 71 տոկոսով բարձր է ԲԽԼ խոլեստերինի 40-60 մգ/դլ մակարդակ ունեցող մարդկանց մոտ:

Արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Cardiology ամսագրում, կասկածի տակ են դրել լայնորեն տարածված կարծիքը, որ ԲԽԼ խոլեստերինը պաշտպանում է սրտանոթային հիվանդությունների հետ կապված մահից:

 



© NEWS.am Medicine