Ոտքերի ինչպիսի՞ վիճակը կարող է ահազանգել անհապաղ բժշկի դիմելու անհրաժեշտության մասին

21:44   14 հունիսի, 2022

Պատահական ցավը եւ ոտքերի կոտրատվելը կյանքի փաստեր են, որոնք ավելի հաճախ նկատելի են դառնում տարիքի հետ։ Բայց որոշ ցավեր կարող են վկայել ավելի լուրջ վիճակի մասին, իսկ որոշ ցավեր էլ պահանջում են անհապաղ դիմել բժշկի։ Հարկ է իմանալ, որ եթե ցավ եք զգում ոտքերում, պետք է դիմեք բժշկի, գրել է Eat This, Not That!-ը։

Եթե ցավ, այտուցվածություն կամ ջերմություն եք զգում ոտքերում, որոնք ուղեկցվում են մաշկի կարմրածությամբ, պետք է որքան հնարավոր է շուտ դիմեք բուժօգնություն ստանալու համար։ Դա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ, արյան մակարդելիության պրոցես վերջույթի խորանիստ երակներում. սովորաբար դա ազդրի, սրունքի կամ կոնքի շրջանում է – խմբ.) նշան։ Այս հիվանդությունը կարող է վտանգավոր եւ անգամ մահացու լինել։

Փորձագետները նշել են, որ եթե այս բոլորից գոնե մեկը վերաբերում է ձեզ եւ դուք այտուցվածություն, ցավ կամ ջերմություն եք զգում ոտքի հատվածում, պետք է անհապաղ դիմեք բժշկի.

 - Ճամփորդել եք վերջին 90 օրերին (օրինակ՝ երկար թռիչք օդանավով կամ ուղեւորություն մեքենայով)

- Միջին կամ ծանր աստիճանի վնասվածք եք ունեցել, օրինակ՝ ընկել եք, ոսկոր վնասել կամ կոտրել

- Վերջերս վիրահատվել եք

- Օգտագործել եք հորմոնալ հակաբեղմնավորիչներ կամ փոխարինող հորմոնալ թերապիա

- Վերջերս քաղցկեղ եք հաղթահարել

- Ցավ եք ունեցել կրծքավանդակում, հեւոց, կորցրել եք գիտակցությունը կամ արյամբ ուղեկցվող հազ ունեցել։

Փորձագետները նշել են, որ դուք կարող եք նվազեցնել թրոմբի առաջացման հավանականությունը, եթե հետեւեք սրտի առողջության համար կարեւոր սովորություններին։ Դրանց թվում են առողջ սնվելը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները, առողջ քաշի պահպանումը, ինչպես նաեւ խոլեստերինի մակարդակը եւ արյան ճնշումը նորմի սահմաններում պահելը։



© NEWS.am Medicine