Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք կարող են կենսականորեն կարեւոր դեր խաղալ արյան քաղցկեղի բուժման հարցում

18:45   16 հունիսի, 2022

Մաունթ Սինայի հիվանդանոցի հետազոտողներն առաջին անգամ հայտնաբերել են գեներ, որոնք դրական պատասխան են կանխատեսում արյան քաղցկեղի դեմ պայքարում։

Սելինեքսոր դեղամիջոցով թերապիան արյան քաղցկեղի՝ բազմակի միելոմայի բուժման բազմաթիվ հեղափոխական մեթոդներից է, բայց այդ դեղամիջոցի նպատակաուղղված կիրառումն այն պացիենտների համար, որոնք առավել մեծ օգուտ կստանան, մինչեւ այժմ դժվար հասանելի էր մնում՝ համաձայն JCO Precision Oncology-ում հրապարակված հետազոտության։

Մաունթ Սինայի գիտնականները սեքվենավորել են բազմակի միելոմայի ուռուցքների ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու – խմբ.) այն պացիենտների մոտ, որոնք ստացել են սելինեքսոր դեղամիջոցը, եւ հայտնաբերել են երեք գեների հետքեր, որոնք ակտիվացել են դրական պատասխան ունեցող պացիենտների մոտ։ Նրանք հաստատել են այդ գեների հետքերը պացիենտների անկախ խմբում, որոնք մասնակցել են միջազգային կլինիկական փորձարկմանը, որի արդյունքում դեղամիջոցն արժանացել է ԱՄՆ դեղերի վերահսկման վարչության հավանությանը։

«Այդ գեների հետքերը կարեւոր կլինիկական նշանակություն ունեն, քանի որ կարող են որոշել այն պացիենտներին, որոնք ամենամեծ հավանականությամբ կարող են օգուտ ստանալ սելինեքսորի հիման վրա կատարվող թերապիայից, հատկապես վաղ փուլերում»,- ասել է հեղինակներից մեկը՝ Սինայի լեռան Տիշայի քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբանական գիտությունների եւ Իկանի Բժշկության դպրոցի գենետիկայի եւ գենոմային գիտությունների դոցենտ Ալեսանդրո Լագանան։

Մաունթ Սինայի հետազոտողները հայտնաբերել են երեք գեն՝ WNT10A, DUSP1 եւ ETV7, դեղամիջոցն ստացած մոտ 100 պացիենտի ուռուցքների սեքվենավորման միջոցով։ Նրանք նաեւ հայտնաբերել են այդ գեների հետքերն այն պացիենտների մոտ, որոնք ունեցել են գլխուղեղի գլիոբլաստոմա, եւ որոնք դրական են արձագանքել դեղամիջոցին։

Այս հետազոտության արդյունքում գիտնականներն սկսել են ուսումնասիրել գեների հետքերի թեստերը՝ պարզելու համար այն պացիենտներին, որոնց օգտակար կարող է լինել սելինեքսորը, այն պացիենտների շարքում, որոնք դեղամիջոցն օգտագործելու իրավունք ունեն, ինչպես նաեւ այն պացիենտների համար, որոնք մասնակցելու են ճշգրիտ բժշկության կլինիկական փորձարկումներին, որոնք սկսվելու են առաջիկայում։



© NEWS.am Medicine