Գիտնականները հայտնաբերել են կապ նստելու տեւողության եւ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության միջեւ

10:23   17 հունիսի, 2022

Նոր հետազոտությունը նոր փաստարկներ է ներկայացրել այն մասին, որ երկար նստելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Միջազգային հետազոտությունը, որին մասնակցել է 100 000 մարդ 21 երկրում, ցույց է տվել, որ օրական 6-8 ժամ նստող մարդկանց մոտ վաղ մահվան եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը բարձր է 12-13 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր օրական նստում են 8 ժամից ավելի, այդ հավանականությունն ավելանում է՝ հասնելով 20 տոկոսի։

Հետազոտությունն անցկացվել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Սքոտ Լիրայի եւ Պեկինի բժշկական գիտությունների չինական ակադեմիայի աշխատակից Վեյ Լիի ղեկավարությամբ, հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում։ Հետազոտության հեղինակները հետեւել են մարդկանց միջինը 11 տարի եւ պարզել, որ նստած անցկացրած ժամանակի մեծ քանակությունը կապված է վաղ մահվան եւ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր հավանականության հետ։ Չնայած նստած կենսակերպը խնդրահարույց է բոլոր երկրներում՝ այն հատկապես նկատելի է ցածր եւ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում։

Զարմանալի չէ, որ նրանք, ովքեր ամենից երկար են նստել եւ ակտիվություն չեն ցուցաբերել, ամենամեծ ռիսկի խմբում են եղել՝ 50 տոկոս, այն դեպքում, երբ նրանք, ովքեր ամենից երկար են նստել, բայց եւ ամենաակտիվն են եղել, ավելի քիչ են ռիսկի ենթարկվել՝ 17 տոկոս։

Հետազոտությունն այս կապը հայտնաբերել է հատկապես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում, ինչն ստիպել է հետազոտողներին ենթադրել, որ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ նստած կենսակերպը եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում սովորաբար զուգորդվել է ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի հետ։

Բժիշկները պետք է կենտրոնանան այն հարցադրման վրա, որպեսզի մարդիկ քիչ նստեն եւ ավելի շատ զբաղվեն սպորտով, քանի որ դա այնքան էլ թանկ միջամտություն չէ, որը կարող է հսկայական օգուտ բերել, նշել են գիտնականները։

Նրանք պետք է մարդկանց հասցնեն այն միտքը, որ նստելուն պետք է հակադրել ակտիվությունը, մարդիկ պետք է ավելի լավ գնահատեն իրենց կենսակերպը եւ լուրջ վերաբերվեն  իրենց առողջությանը։



© NEWS.am Medicine