Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնց համադրության դեպքում դեմենցիայի զարգացման ռիսկը կրկնապատկվում է

22:35   17 հունիսի, 2022

Դեմենցիայի ռիսկը կրկնապատկվում է, եթե մարդն ունի այս երեք հիվանդություններից առնվազն երկուսը՝ 2-րդ տիպի շաքարախտ, ինսուլտ կամ սրտանոթային հիվանդություններ, ասվում է շվեդական հետազոտության մեջ, գրում է UPI-ն։

«Կարդիոմետաբոլիտիկ մուլտիհիվանդությունը արագացնում է կոգնիտիվ նվազումը եւ մեծացնում ինչպես ճանաչողական խանգարումների ռիսկը, այնպես էլ դրանց անցումը դեմենցիայի»,- ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակներն ասում են, որ իրենց բացահայտումներն ընդգծում են, որ 2-րդ տիպի շաքարախտը, ինսուլտը եւ սրտի հիվանդությունները «իդեալական թիրախներ են՝ ճանաչողական անկումը դանդաղեցնելու եւ ճանաչողական խանգարումների ու դեմենցիայի զարգացումը հետաձգելու կանխարգելիչ միջոցառումների համար»:

Ըստ Կառոլինայի ինստիտուտի շվեդական բժշկական դպրոցի, դեմենցիան դանդաղ է զարգանում տասնամյակների ընթացքում: Սկզբում այն դրսեւորվում է որպես ճանաչողական ունակությունների աստիճանական նվազում, որը հայտնաբերվում է միայն ճանաչողական թեստերում, այնուհետեւ այն վերածվում է հիշողության խանգարման, որը նկատում է մարդն ինքը եւ, վերջապես, դառնում է լիարժեք դեմենցիա։

«Քչերն են ուսումնասիրել, թե ինչպես է դեմենցիայի զարգացման ռիսկի վրա ազդում այս հիվանդություններից միաժամանակ առնվազն երկուսի առկայությունը, ուստի մեր ուսումնասիրության ընթացքում մենք ցանկացանք ուսումնասիրել դա»,- ասում է Կառոլինսկայի ինստիտուտի դոկտորանտ Աբիգեյլ Դավը:

Հետազոտության արդյունքները հիմնված են Շվեդիայի ծերացման եւ հիվանդների խնամքի հետազոտության տվյալների վրա, որին մասնակցել են Ստոկհոլմում 60 տարեկանից բարձր 2500 առողջ մարդիկ, որոնք դեմենցիա չեն ունեցել:

Դավի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե մարդն ունի սրտանոթային երեք հիվանդություններից միայն մեկը, դա կապված չէ դեմենցիայի զարգացման զգալիորեն բարձր ռիսկի հետ: Հենց երեք հիվանդություններից առնվազն երկուսի համադրությունն է առաջացնում դեմենցիայի զարգացման ավելի մեծ ռիսկ:

Սա նշանակում է, որ դեմենցիան կարելի է կանխել՝ կանխելով երկրորդ հիվանդության զարգացումը, ասել է նա։



© NEWS.am Medicine