Որո՞նք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի նշանները

18:36   20 հունիսի, 2022

Բժիշկ թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն «Մոսկվա 24»-ին պատմել է, որ կան մի քանի նշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդն այդպիսի խնդրի է հանդիպել, ապա դա կարող է վկայել շաքարախտի առկայության մասին։ Դասական ախտանիշները, որոնք նկատվում են այս դեպքում՝ ծարավն են, բերանի չորությունը եւ հաճախամիզությունը, նշում է Ռոմանենկոն։

«Պետք է ուշադրություն դարձնել քորին, սեռական օրգանների պարբերական բորբոքային հիվանդություններին։ Դա շատ հաճախ կապված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ»,- խորհուրդ է տվել թերապեւտը։

Բացի այդ, շաքարային դիաբետի դեպքում մարդը կարող է թարախային ցան ունենալ մաշկի վրա, ընդհանուր թուլություն, հոգնածություն եւ ասթենիա, շարունակել է մասնագետը:

«Շաքարային դիաբետի բարդությունը դա արդեն մկանային ցավն է, մատների ու ձեռքերի թմրածությունը։ Այդ ամենը եւս կարող է շաքարախտի ախտանիշներ լինել», - ասում է Ռոմանենկոն։

Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ արյան անալիզ հանձնել՝ շաքարի մակարդակը որոշելու եւ անհրաժեշտ դեղամիջոցներ ընտրելու համար։



© NEWS.am Medicine