11:34 21 հունիսի, 2022Բժիշկ-թերապեւտ Իրինա Յարցեւան NEWS.ru-ի հետ զրույցում նշել է աչքերի խնձորակներում դեղնության առաջացման պատճառների, ինչպես նաեւ դրա ճակատագրական հետեւանքների մասին։ Մասնագետը նաեւ բացատրել է, թե կանխարգելման որ միջոցներն են արդյունավետ այդ հիվանդության դեմ։
«Աչքերի խնձորակները դեղնում են այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն խորանում է։ Այդպիսի երեւույթ նկատվում է հեպատիտների, լյարդի հիվանդության եւ էրիթրոցիտների պակասի դեպքում։ Այնպես որ, աչքերում դեղնություն նկատելիս պետք է անհապաղ դիմել բժշկի»,- նշել է բժիշկ-թերապեւտը։
Մասնագետը նշել է տարբեր տեսակի հեպատիտների կանխարգելման գործուն միջոցների մասին։
«Հեպատիտ А-ն՝ դեղնախտը, վիրուսային հիվանդություն է, որով բավական հաճախ հիվանդանում են երեխաներըը, ներկա պահին դրա դեմ հիանալի աշխատող պատվաստում կա, եւ այն առանձնակի խնդիր չի ներկայացնում։ B հեպատիտի դեպքում նույնպես պատմությունը նույնն է՝ պատվաստվում եք եւ շարունակում հանգիստ ապրել։ Իսկ ահա C հեպատիտի դեպքում ամեն բան բարդ է, դրա դեմ մինչեւ հիմա պատվաստանյութ չկա, եւ ճակատագրական հետեւանքներից խուսափելու միակ միջոցն օրգանիզմի համար սեփական հիգիենային պատասխանատվությամբ վերաբերվելն է, միայն վստահելի բուժհաստատություններ այցելելը եւ ներարկիչների ու ասեղների ստերիլությանը հետեւելը»,- ասել է նա։