Լիբանանում հաստատվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

12:39   21 հունիսի, 2022

Լիբանանի առողջապահության նախարարությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ հայտնաբերվել է երկրում կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը արտասահմանից վերադարձած մի մարդու մոտ, որն այժմ մեկուսացել է իր տանը, փոխանցել է Medical Xpress-ը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ հիվանդի վիճակը կայուն է, եւ որ իշխանությունները հետեւում են նրա շփումներին։

Լիբանանը վերջին երկիրն է Մերձավոր Արեւելքում, որտեղ գրանցվել է կապկի ծաղիկով վարակման դեպք։

Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսին էին հայտնաբերել այդ հիվանդությամբ վարակման առաջին դեպքերը։

Կապկի ծաղիկի վիրուսը առաջ է բերում տենդ, մարմինը կոտրատվում է, ի հայտ է գալիս դող, պացիենտների մեծ մասի մոտ նկատվում է նաեւ հոգնածություն։ Հիվանդության ծանր ձեւ ունեցող մարդկանց մոտ կարող են լինել ցան, ախտահարումներ դեմքին, ձեռքերին եւ մարմնի այլ մասերում։

Հիվանդությունը սկզբում առաջ է բերում գրիպանման ախտանշաններ, իսկ հետո ի հայտ է գալիս ցան դեմքին եւ մարմնին, սովորաբար հանդիպում է կենտրոնական եւ արեւմտյան Աֆրիկայի որոշ շրջաններում։ Բայց այս տարի գրանցվել է վարակման 1 880 դեպք ավելի քան 30 երկրում, որտեղ կապկի ծաղիկ սովորաբար չի լինում։

Դեպքերի մոտ 85 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային։ Մահացու դեպքերի մասին տեղեկություններ չկան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կապկի ծաղիկ ունեցող մարդիկ կարող են վարակվել չորս շաբաթվա ընթացքում, եւ խորհուրդ է տվել մեկուսանալ մինչեւ լիակատար ապաքինումը։



© NEWS.am Medicine