Ինչպե՞ս պաշտպանվել շոգից

16:31   21 հունիսի, 2022

Այս շաբաթ ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում հաստատված ռեկորդային շոգը զգալի վտանգ է ներկայացնում սրտի համար, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանից պաշտպանվելու համար, նշել է Սրտի ամերիկյան ասոցիացիան։

Դա հատկապես ակտուալ է տարեց մարդկանց եւ արյան բարձր ճնշում, ճարպակալում կամ սրտի հիվանդություններ ունեցող ու կաթված տարած մարդկանց համար։

Շոգը եւ ջրազրկումը ստիպում են սրտին ավելի ինտենսիվ աշխատել՝ ավելի շատ արյուն մղելով եւ այն հիմնական օրգաններից մաշկի տակ տեղափոխելով։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ ջերմաստիճանը հասնում է ծայրահեղ մեծությունների՝ Ցելսիուսի 42 աստիճանի, սրտի հիվանդություններից մահերի թիվը կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել։

Անգամ եթե սրտի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ չեք ընդունում, պետք է հետեւեք շոգի դեմ զգուշության կանոններին։

«Կարեւոր պահ է հիդրատացիայի պահպանումը։ Ջրազրկվելը դժվար չէ, անգամ եթե չեք մտածում, որ խմել եք ուզում,- ասել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի բժշկության եւ մանկաբուժության, կանխարգելիչ բժշկության, սրտի հետազոտությունների պրոֆեսոր Լլոյդ Ջոնսը։- Շոգ եղանակին ջուր խմեք փողոց դուրս գալուց առաջ, ընթացքում եւ հետո։ Մի սպասեք, որ ծարավեք։ Եվ լավագույն միջոցն իմանալու, թե արդյոք բավականաչափ հեղուկ ստանում եք, այն է, որպեսզի հետեւեք միզարտադրությանը եւ համոզվեք, որ մեզի գույնը բաց է, ոչ թե մուգ կամ կոնցենտրացված»։

Սրտի ամերիկյան ասոցիացիան տվել է շոգ եղանակին անվտանգության պահպանման հետեւյալ խորհուրդները.

- փողոց դուրս մի եկեք ցերեկը՝ մինչեւ ժամը 15.00-ն, երբ արեւը սովորաբար ամենաուժեղն է,

- բաց գույնի թեթեւ, շնչող կտորներից (բամբակից կամ չքրտնեցնող կտորից) զգեստ հագեք։ Գլխարկ եւ արեւապաշտպան ակնոցներ կրեք։ Փողոց դուրս գալուց առաջ ջրակայուն, SPF 15 պարունակող արեւապաշտպան քսուք օգտագործեք եւ այն երկու ժամը մեկ թարմացրեք,

- մի քանի բաժակ ջուր խմեք փողոց դուրս գալուց կամ մարզվելուց առաջ, ընթացքում եւ հետո։ Խուսափեք կոֆեին եւ ալկոհոլ պարունակող ըմպելիքներից,

- մշտապես ընդմիջումներ արեք։ Մի քանի րոպե կանգ առեք ստվերոտ կամ զով տեղում եւ ամրապնդվեք,

- շարունակեք ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը։



© NEWS.am Medicine