Ինչո՞ւ են դեղնում ատամները

18:29   21 հունիսի, 2022

Տարբեր մարդկանց ատամների էմալի գույնը կարող է տարբեր լինել, ինչ-որ մեկի ատամները փայլում են սպիտակությունից, ու նրանց ժպիտը ձյունաճերմակ է մինչեւ ծերություն, նրանք չեն դիմում ատամնաբույժի եւ հիգիենայի մասնագետի, իսկ մյուսները ձեռքով փակում են բերանը, երբ ծիծաղում են, որովհետեւ ամաչում են իրենց դեղնած ատամներից։

Թե ինչու է այդպես, եւ պե՞տք է արդյոք մտահոգվել առողջության համար, եթե ձեր ատամների էմալը կուրացուցիչ սպիտակ չէ՝ «Доктор Питер»-ին պատմել է  բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Լոսեւը։

«Էմալը ատամի արտաքին, տեսանելի շերտն է, որը օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է համարվում։ Այդ շերտն անգամ շատ ավելի ամուր է ոսկորներից։ Դրա տակ ատամի ամուր հյուսվածքի եւս մեկ՝ ավելի փափուկ շերտ կա՝ դենտինը»,- ասել է բժիշկ Լոսեւը։

Նա նշել է, որ էմալի գույնի փոխվելու պատճառներից մեկը, որն ամենից հաճախ երեւում է կտրիչ կամ ծամիչ ատամների մակերեսներին, դենտինի երեւալն է։

«Դենտինը դեղնավուն է, ուստի ատամի էմալի վերին շերտի բարակելու դեպքում էլ ամենից հաճախ նկատվում է, որ ատամները դեղնում են։ Այդ պրոցեսը կոչվում է էմալի դեմիներալացում։ Այն հաճախ ուղեկցվում է նաեւ ատամների զգայունակության բարձրացմամբ, երբ կա արձագանք տաքին եւ սառին։ Բայց դա ոչ մի կերպ կապված չէ կարիեսի հետ»,- ասել է ատամնաբույժը։

Մասնագետը նաեւ նշել է ատամների դեմիներալացման պատճառները.

- ժառանգականությունը,

-  տարիքային փոփոխությունները,

- ֆտորի ավելցուկը կամ անբավարարությունը,

- ծխելը,

- չհավասարակշռված սննդաբաժինը,

- ատամնաքարը։

«Դեմիներալացման նույն պրոցեսը կարող է տեղի ունենալ նաեւ ատամի թմբիկներում,- նշել է բժիշկը։- Երբեմն ատամների գերբեռնվածության դեպքում սկում են սեպաձեւ դեֆեկտներ առաջանալ, ուստի կարելի է տեսնել դենտինը լինդը բարձրացնելիս կամ իջեցնելիս (եթե խոսում ենք ստորին ծնոտի մասին) եւ արմատի շաղախը, որը նույնպես դեղնավուն է»։



© NEWS.am Medicine