Ինչի՞ մասին կարող է վկայել միջին եւ տարեց հասակում մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալը

11:46   22 հունիսի, 2022

Մեկ ոտքի վրա միջին եւ տարեց հասակում 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է  հաջորդ 10 տարիների ընթացքում ցանկացած պատճառից մահվան ռիսկի կրկնակի ավելացման հետ, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 51-75 տարեկան 1 702 մարդ, որոնք առաջին զննումն անցել են 2009թ. փետրվար-2020թ. դեկտեմբեր շրջանում։ Մոտ երկու երրորդը (68 տոկոս) տղամարդիկ էին։

Հետազոտությանը ներգրավված են եղել միայն նրանք, ովքեր կայուն քայլվածք են ունեցել։

Մասնակիցներին զննման շրջանակում խնդրել են մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան՝ առանց լրացուցիչ հենարանի։

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը (20,5 տոկոս; 348) չի կարողացել հանձնել թեստը։ Դրա անհնարինությունն ավելացել է տարիքին զուգահեռ՝ ավելի կամ պակաս չափով կրկնապատկվելով 5 տարի միջակայքով՝ սկսած 51-55 տարեկանից։

Նրանց բաժինը, ովքեր չեն կարողացել մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան, կազմել է՝ մոտ 5 տոկոս 51-55 տարեկանների, 8 տոկոս՝ 56-60 տարեկանների, 18-ից մի փոքր պակաս տոկոս՝ 61-65 տարեկանների եւ 37-ից մի փոքր պակաս տոկոս՝ 66-70 տարեկանների շրջանում։

71-75 տարեկան մարդկանց կեսից ավելին (մոտ 54 տոկոս) չի կարողացել հանձնել թեստը։

Միջինը 7 տարի տեւած դիտարկումների շրջանում 13 մարդ (7 տոկոս) մահացել է քաղցկեղից՝ 32 տոկոս, սիրտ-անոթային հիվանդություններից՝ 30 տոկոս, շնչուղիների հիվանդություններից՝ 9 տոկոս եւ COVID-19-ի բարդություններից՝ 7 տոկոս։

Բայց թեստը չանցածների մեջ մահացածների բաժինը զգալիորեն բարձր է եղել՝ 17,5 տոկոս 4,5-ի փոխարեն, ինչը մոտ 13 տոկոսի բացարձակ տարբերություն է նշանակում։

Ընդհանուր առմամբ, թեստը չանցածների շրջանում առողջական խնդիրներ ունեցողներն ավելի շատ են եղել։ Տարիքը, սեռը եւ հիմնական հիվանդությունները հաշվի առնելուց հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանց հենարանի մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է հաջորդ տասնամյակում ցանկացած պատճառից մահվան ռիսկի 84 տոկոս բարձրացման հետ։



© NEWS.am Medicine