Թաթարստանում ուռուցքաբանները հեռացրել են պացիենտի 6 կիլոգրամանոց ուռուցքը

13:19   4 հուլիսի, 2022

Նաբերեժնիե Չելնիում №2 քաղաքային հիվանդանոցի ուռուցքաբանները հեռացրել են 45-ամյա կնոջ վեց կիլոգրամ կշռող ուռուցքը, հայտնում է Татарстан24-ը։

Երկար ժամանակ կինը մարմնի փոփոխությունները քաշի ավելացմանն է վերագրել: Սակայն կես տարի անց նկատելիորեն մեծացած փորն անտեսելն անհնար է դարձել, եւ կինը դիմել է պոլիկլինիկա։

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել են հսկայական ուռուցք, որը սեղմել է մոտակա օրգանները։ Անմիջապես որոշում է կայացվել նորագոյացությունը վիրահատական ​​ճանապարհով հեռացնելու մասին։

«Ուռուցքի աղբյուրը հնարավոր է եղել որոշել միայն վիրահատության ժամանակ։ Չարորակ նորագոյացությունն առաջացել է արգանդի մարմնից, աճել է մինչեւ որովայնի առաջնային պատ եւ բարակ աղիքի օղակներ։ Բացի ուռուցքից, ստիպված եղանք հեռացնել պացիենտի բոլոր սեռական օրգանները»,- բացատրել է ուռուցքաբան Թիմուր Յամաեւը:

Բժիշկները փրկել են հիվանդի կյանքը, սակայն նա չի հասցրել երեխաներ ունենալ եւ այլեւս նման հնարավորություն չի ունենա։ Իսկապես փայլուն աշխատանք է իրականացվել՝ հաշվի առնելով ուռուցքի չափը, որը կարելի է համեմատել լրիվ ժամկետով բազմապտուղ հղիության հետ։




© NEWS.am Medicine