Ինչո՞ւ պետք է հեծանվորդներն անընդհատ կանգնեն հեծանվի ոտնակներին

11:23   5 հուլիսի, 2022

Հեծանվորդ տղամարդիկ պետք է ժամանակ առ ժամանակ վեր կենան նստելատեղից եւ կանգնեն հեծանվի ոտնակներին, պարզել են Վրոցլավի բժշկական համալսարանի (Լեհաստան) հետազոտողները։ Դա կապված է սեռական օրգանների վրա երկարատեւ ճնշումից խուսափելու հետ, գրել է «МедикФорум»-ը։

Հեծանիվը ֆիզիկական վարժությունների ամենատարածված եւ շատ օգտակար գործիքներից է, այն բազմաթիվ առավելություններ ունի, որոնցից ամենաակնհայտներից մեկը սիրտ-անոթային համակարգի ամրապնդումն է եւ ոտքերի մկանների մարզումը։ Սակայն տղամարդիկ, որոնք ինտենսիվորեն զբաղվում են հեծանվավազքով, պետք է չմոռանան այն մասին, որ հեծանվի նստելատեղը ուժեղ ճնշում է գործադրում շագանակագեղձի շրջանում, ինչը կարող է առաջ բերել մեզի հոսքի խանգարում, էրեկտիլ դիսֆունկցիա եւ անգամ պրոստատի բարորակ հիպերպլազիա։

Շագանակագեղձի խախտումներ թույլ չտալու համար տղամարդիկ պետք է հեծանվավազքի ժամանակ երբեմն-երբեմն կանգնեն հեծանվի ոտնակներին։ Ցանկալի է, որ դա արվի յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, 10-15 վայրկյանով։ Այդ կերպ կարելի կլինի խուսափել էրեկցիայի հետ կապված խնդիրներից, խորհուրդ են տվել լեհ գիտնականները։ Գոյություն ունի կապ սեռական օրգանների՝ հեծանվավազքի պատճառով առաջացող թմրածության եւ էրեկտիլ դիսֆունկցիայի միջեւ։

22 հետազոտությունների մետաանալիզի արդյունքում ներկա դիտարկման հեղինակները նկարագրել են դրությունից դուրս գալու լավագույն միջոցը։ Մասնավորապես, նրանք առաջարկել են հատուկ նստելատեղեր, որոնք չունեն նեղ քիթ սեռական օրգանների հատվածում։ Այդ նստատեղը ավելի լայն է եւ փափուկ, առանց ակնհայտ նեղացման։ Դրանով իսկ ճնշումը կարելի է այդ հատվածից վերուղղորդել դեպի հետույք։ Չափազանց կարեւոր է նաեւ ոտնակների վրա մշտապես կանգնելը։



© NEWS.am Medicine