Գիտնականներն ստեղծել են դեղամիջոց բրոնխոէկտազով տառապողների համար

14:43   5 հուլիսի, 2022

Թոքային հիվանդությամբ՝ շնչառական խնդիրների եւ հաշմանդամության հանգեցնող բրոնխոէկտազով տառապողներին պատմության մեջ առաջին անգամ փորձարկումների շրջանակում առաջարկվում է բուժում նոր դեղամիջոցով, գրել է Daily Mail-ը։

Բրոնխոէկտազները հանգեցնում են խորխի կուտակման շնչուղիներում, ինչի հետեւանքով պացիենտները գամվում են անկողնին՝ կրկնվող կրծքային վարակների պատճառով։

Այդ հիվանդության դեմ դեղամիջոց գոյություն չունի, եւ ժամանակի ընթացքում այն կարող է այնքան վնասել թոքերը, որ հյուսվածքներում արնահոսություն առաջացնող ճաքեր գոյանան։ Ի վերջո, պացիենտները կարող են տառապել շնչառական անբավարարությունից եւ անգամ մահանալ։

Մինչ օրս այդ հիվանդության բուժման միակ միջոցը շնչառական վարժություններն էին եւ հակաբիոտիկների կրկնվող կուրսերը, բայց նոր դեղահաբը՝ բրենսոկատիբ անունով, կարող է իրական հույս ներշնչել։

Բրոնխոէկտազը բորբոքային հիվանդություն է, որը մշտապես  լայնացնում է շնչուղիները եւ ստիպում օրգանիզմին ավելորդ լորձ արտադրել՝ կպչուն նյութ, որն օգտագործվում է պաթոգենների որսման համար։ Արդյունքում՝ մանրէներով լցված լորձը կուտակվում է թոքերում՝ պացիենտներին խոցելի դարձնելով կրծքավանդակի վարակների հանդեպ։

Այս սպառնալիքին դիմակայելու համար լեյկոցիտների տարատեսակը, որոնք անվանվում են նեյտրոֆիլներ, գնում են թոքեր։

Բայց մանրէներին կլանելու փոխարեն, ինչպես դրանք սովորաբար անում են, նեյտրոֆիլներն արձագանքում են մանրէների արձակած քիմիական ազդանշաններին  եւ պայթում։

Սա ավելի է վնասում թոքերին, եւ օրգանիզմի համար ավելի դժվար է լինում դրանք մաքրել վարակից։

Նախորդ փորձերի ժամանակ պարզվել է, որ բրենսոկատիբը երկու անգամ կրճատում է կրծքային վարակների քանակը։ Նոր հետազոտության արդյունքները, որին մասնակցել է 1 600 պացիենտ, կլինեն հաջորդ տարի։

Բրենսոկատիբը նոր դասի դեղամիջոցներից է, որոնք կոչվում են դիպեպտիդիլպեպտիդազա 1-ի (ԴՊՊ) ինհիբիտորներ։ ԴՊՊ-1 ֆերմենտը ազդանշան է ուղարկում ինմունային համակարգին՝ ոչնչացնելու մանրէները, բայց բրոնխոէկտազի ժամանակ պացիենտները չափից ավելի շատ իմունային միացություններ են արտազատում, եւ հենց այդ չափից ավելի արձագանքն էլ ի վերջո վնասում է թոքերին։

Արգելափակելով ԴՊՊ-1-ի գոյացումը՝ նոր դեղամիջոցը թույլ է տալիս օրգանիզմի իմունային համակարգին նորմալ գործել։



© NEWS.am Medicine