Ինչպիսի արտահայտություններն են անթույլատրելի ցավակցություն հայտնելիս

21:26   5 հուլիսի, 2022

Մարդը, ում ազգականը կամ մերձավորը վերջերս է մահացել, մխիթարության կարիք ունի։ Սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ բառեր ընտրել սգավորին սփոփելու համար՝ չվիրավորելով նրա զգացմունքները, РИАМО-ի հետ զրույցում ասել է Ռեուտովում հոգեկան առողջության «Էմպատիա» կենտրոնի կլինիկական հոգեբան Օլգա Շկուրատովան:

«Ողբերգությունից անմիջապես հետո մարդը շոկ է ապրում։ Այդ պահին անհրաժեշտ է նրան հանգստացնել, կարեկցել ու որոշ իմաստով «թափ տալ», հասկացնել, որ կիսում եք նրա վիշտը։ Թույլատրելի է հարցնել ողբերգության մասին՝ միաժամանակ խուսափելով «ինչպես պատահեց, չէ որ ամեն ինչ լավ էր» արտահայտություններից, որոնք հիշեցնում են կատարվածի ծանրությունն ու անխուսափելիությունը»,- ասել է Շկուրատովան։

Հոգեբանի խոսքով, արգելվում են նաեւ շատ լավատեսական ու զվարթ արտահայտությունները, օրինակ՝ «պետք է դիմանալ», «ամեն ինչ կանցնի»՝ դրանք չեն սփոփի սգավորին։

«Տառապողին պետք է օգնության ձեռք մեկնել, օգնություն առաջարկել կենցաղային գործերում: Խոսել այն մասին, որ դուք նրա կողքին եք եւ միշտ պատրաստ եք օգնել»,- նշել է Շկուրատովան։

Ժամանակի ընթացքում, երբ շոկը նահանջի, կարելի է սգավորին համատեղ զբաղմունք առաջարկել:

«Գլխավորն այստեղ առաջարկելն է, ոչ թե պնդելը։ Պետք չէ մարդուն թելադրել ինչ անի, ասել, որ «պետք է» կամ «ժամանակն է», որ նա լիցքաթափվի։ Վիշտն ապրելու գործընթացը անհատական է ու դանդաղ, եւ պետք չէ կեղծել այն»,- հավելել է մասնագետը։

Հոգեբանը կարծում է, որ չպետք է ամաչել վշտի մեջ գտնվող մարդուն մասնագետի օգնության խորհուրդ տալ։

«Հոգեբանը կամ հոգեթերապեւտը կօգնի հաղթահարել տրավմատիկ իրավիճակը եւ ավելի դիմացկուն դառնալ կյանքի այլ փորձությունների նկատմամբ»,- եզրափակել է Շկուրատովան:



© NEWS.am Medicine