Ինչպե՞ս բարելավել ուղեղի աշխատանքը եւ հիշողությունն առանց դեղերի

09:42   7 հուլիսի, 2022

Նյարդաբան Ալեքսանդր Սվետլովը SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչպես կարելի է առանց դեղերի բարելավել ուղեղի աշխատանքը եւ ամրապնդել հիշողությունը 50-55-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Նա նշել է, որ այս խորհուրդները ակտուալ են նաեւ ավելի երիտասարդների համար։

Մասնագետի խոսքով՝ մարդու ուղեղին դուր չի գալիս անշարժ կենսակերպը։ Այդ դեպքում վատանում է արյան հոսքը դեպի ներքին օրգաններ։ Խոսքը, մասնավորապես, գլխուղեղի մասին է։ Արդյունքում՝ տեղի է ունենում հիշողության եւ «պայծառ մտքի» վատացում։ Ուստի, բժիշկը խորհուրդ է տվել ուղեղի լավ աշխատանքի համար շարժումը չանտեսել։

Սվետլովը նշել է, որ ուղեղի աշխատանքի բարելավման համար հարմար է ֆիզիկական ակտիվության ցանկացած ձեւ՝ բացի հյուծող եւ մոնոտոն աշխատանքից։ Բեռնվածությունը պետք է առողջարար, չափավոր, ինչպես նաեւ մշտական լինի։ Ավելի լավ է ֆիզիկական վարժություններով զբաղվել ամեն օր։ Տարբերակներից մեկը զբոսանքն է՝ օրական 30-60 րոպե։ Բացի այդ, ավելորդ չի լինի սկանդինավյան քայլքով զբաղվելը։

Օգտակար է նաեւ վազքը, նշել է մասնագետը։ Բայց միայն այն դեպքում, եթե մարդն առողջ սիրտ եւ ծնկներ ունի։  Լավ տարբերակ է լողը։ Սվետլովը նշել է, որ մարդու ուղեղը քնատություն նույնպես չի սիրում։ Այնպես որ, քնին պետք է հատկացնել առնվազն 6, 7, կատարյալ տարբերակում՝ 8 ժամ։ Մարդու ուղեղը չի սիրում նաեւ նյարդային լարվածություն, հուզումներ եւ սթրես։

Նյարդաբանը հավաստիացրել է, որ ուղեղի աշխատանքը կարելի է բարելավել շնչառական համակարգի որակյալ աշխատանքով։ Եվ այստեղ շատ կարեւոր է շնչառական գիմնաստիկան թոքերի համար։ Մասնագետը խորհուրդ է տվել ալկոհոլ չօգտագործել, չծխել կամ գոնե նվազեցնել սիգարետների թիվը։ Սվետլովը նաեւ խորհուրդ է տվել բարձր ճնշման դեմ դեղեր օգտագործողներին՝ այնքան էլ չիջեցնել այն։ Չպետք է նաեւ շատ քաղցր օգտագործել։ Ուղեղի աշխատանքի եւ հիշողության բարելավման համար կարելի է բանաստեղծություններ հիշել, օտար լեզուներ սովորել, ինտելեկտուալ խաղերով զբաղվել։



© NEWS.am Medicine