Գիտնականները պարզել են, թե ինչպես են այգեգործությունն ու նկարչությունն ազդում կանանց հոգեկան վիճակի վրա

19:27   7 հուլիսի, 2022

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ բույսերի հետ աշխատանքը կարող է իսկապես բարենպաստ ազդել նույնիսկ այն մարդկանց հոգեկան առողջության վրա, որոնք նախկինում երբեք այգեգործությամբ չեն զբաղվել:

PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այգեգործությամբ զբաղվելը նվազեցնում է սթրեսի մակարդակը, տագնապները եւ դեպրեսիան առողջ կանանց մոտ, որոնք շաբաթը երկու անգամ հաճախել են այգեգործության դասընթացների, իսկ հետազոտության մասնակիցներից ոչ մեկը նախկինում այգեգործությամբ չի զբաղվել:

Հետազոտությանը մասնակցել է 26-49 տարեկան 32 կին: Նրանք բոլորն առողջ են եղել, ինչը այս փորձի համար նշանակում է այնպիսի գործոնների ստուգում, ինչպիսիք են քրոնիկ հիվանդությունները, ծխախոտի եւ թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաեւ տագնապի կամ դեպրեսիայի դեմ դեղամիջոցների ընդունումը: Մասնակիցների կեսն ուղարկվել է այգեգործությամբ զբաղվելու, իսկ մյուս կեսը՝ գեղարվեստական ստեղծագործության պարապմունքների։ Երկու խմբերն էլ հանդիպել են շաբաթական երկու անգամ՝ ընդհանուր առմամբ ութ անգամ: Արվեստի խումբը համեմատության կետ է ծառայել այգեգործության խմբի հետ։

«Ինչպես այգեգործությունը, այնպես էլ արվեստը ենթադրում են ուսուցում, պլանավորում, ստեղծագործ աշխատանք ու ֆիզիկական շարժում, եւ դրանք երկուսն էլ օգտագործվում են բժշկական հաստատություններում՝ թերապեւտիկ նպատակներով: Սա նրանց գիտական առումով ավելի համեմատելի է դարձնում, քան, օրինակ, այգեգործությունն ու բոուլինգը կամ այգեգործությունն ու ընթերցանությունը»,- բացատրել են հետազոտողները:

Այգեգործության դասի մասնակիցները սովորել են համեմատել եւ սերմեր ցանել, վերատնկել տարբեր տեսակի բույսեր եւ հավաքել ու համտեսել ուտելի բույսեր: Արվեստի պարապմունքների մասնակիցներն ուսումնասիրել են այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են թղթապլաստիկը, փորագրությունը, նկարչությունը եւ կոլաժը։

Մասնակիցները լրացրելեն մի շարք հարցաթերթիկներ, որոնք չափում են տագնապայնության, դեպրեսիայի, սթրեսի եւ տրամադրության մակարդակը: Հետազոտողները պարզել են, որ այգեգործների եւ նկարիչների խմբերում ժամանակի ընթացքում հոգեկան առողջության համանման բարելավումներ են դիտարկվել, ընդ որում՝ այգեգործներն ավելի քիչ տագնապայնություն են ունեցել, քան նկարիչները:

 



© NEWS.am Medicine