Ի՞նչի մասին կարող է վկայել հոնքերի թեփը

15:34   20 հուլիսի, 2022

Թեփ կարող է առաջանալ նաեւ հոնքերում։ «МедикФорум»-ի հարցազրույցում մաշկաբան Գրիգորի Գոլդինը նշել է, որ թեփի առկայությունը վկայում է մաշկի քրոնիկական հիվանդության մասին, որն առաջանում է այն հատվածներում, որոնք հարուստ են ճարպագեղձերով։ Դրա բնորոշ ախտանշաններն են կարմրելը, ցանը, սպիտակ-դեղնավուն թեփուկները, քորը։

«Սեբորեան մաշկի տարածված հիվանդություն է, որն առաջին հերթին ախտահարում է գլխի մաշկը, հանգեցնում մաշկի կարմրածության, թեփոտ բծերի եւ կոշտ թեփի։ Սեբորեան կարող է ախտահարել նաեւ այտերը, քթի երկու կողմերը, հոնքերի շրջանը, քունքերը, կուրծքը»,- նախազգուշացրել է մասնագետը։

Մաշկաբանը նշել է նաեւ հոնքերի թեփի առաջացման հնարավոր այլ պատճառների մասին։

Չոր մաշկ. Չափազանց չոր մաշկ կարող է առաջանալ նրանց մոտ, ովքեր ապրում են ոչ հարմարավետ կլիմայական պայմաններում, կամ նրանց մոտ, ովքեր չեն խոնավացնում դեմքի մաշկը։

Էկզեմա. Սա ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է մաշկի տարբեր հիվանդություններ նշելու համար։ Էկզեմայի շատ տեսակներ ուղեկցվում են չորությամբ, մաշկի քորով, ձեռքերին, ոտքերին, արմունկներին եւ ծնկներին, ինչպես նաեւ դեմքին առաջացող ցանով։ Մաշկի քորը կարող է առաջ բերել դրա կարմրածություն, այտուցվածություն եւ էլ ավելի շատ քոր։

Փսորիազ. Աուտոիմունային հիվանդությունը ախտահարում է մաշկը, սովորաբար առաջանում է ծնկներին, արմունկներին, մարմնին եւ գլխի մաշկին։ Ընդ որում՝ մաշկի մակերեսին առաջ են գալիս քորվող, թեփոտ բծեր։

«Փսորիազը հաճախակի հանդիպող քրոնիկական հիվանդություն է, որը բուժման չի ենթարկվում։ Ծանր դեպքերում այն կարող է ցավ պատճառել, չթողնել քնել գիշերը, բացասաբար անդրադառնալ ինքնագնահատականի վրա եւ վատացնել կյանքի որակը»,- տեղեկացրել է մաշկաբանը։

Կոնտակտային դերմատիտ. Սա առաջանում է որպես ալերգիկ ռեակցիա, որը կարող են առաջացնել շատ բաներ, ներառյալ կոսմետիկան, հոտերը, բույսերը։ Դրա դեպքում հոնքերում կարող է թեփ առաջանալ։

Հոնքերի թեփի ախտանշանները նման են գլխամաշկի թեփի ախտանշաններին.

Երբ բանը հասնում է հոնքերի թեփը բուժելուն, բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս որոշ դեղեր եւ բուժական միջոցառումներ, նշել է փորձագետը։ Թերապիայի միջոցների ընտրությունը կախված է թեփն առաջացնող պատճառից։



© NEWS.am Medicine