Ճապոնիայում աչքի՝ ցողունային բջիջներից աճեցված ցանցաթաղանթի ներպատվաստում է իրականացվել

10:33   13 սեպտեմբերի, 2014

Ճապոնիայում աչքի՝ ցողունային բջիջներից աճեցված ցանցաթաղանթի ներպատվաստմանը միտված՝ պատմության մեջ առաջին վիրահատությունն է իրականացվել: Մեթոդի կլինիկական փորձարկումների իրականացումը հանձն առած բնական գիտությունների պետական ինստիտուտի ներկայացուցիչների հավաստիացմամբ, արդեն իսկ մեկ օր անց վիրահատությունը դրական արդյունքներ է դրսեւորել, հաղորդում է yahoo.com-ը:

Ներպաստվաստման ենթարկված՝ մակուլոդիստրոֆիայով հիվանդ 70-ամյա կինը հաղորդել է, որ ներկայումս «ավելի լուսավոր տեսադաշտ ունի»: Ինստիտուտը ներկայացնող փորձագետները ենթադրում են, որ դա կարող է հաջող վիրահատության վկայություն լինել, սակայն վերջնական եզրահանգումների համար դեռեւս ժամանակ է հարկավոր:

Մակուլոդիստրոֆիան աչքի ցանցաթաղանթն ախտահարելու միտում ունի եւ տարեց մարդկանց շրջանում ի հայտ եկող կուրության հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում: Հիվանդության բուժման՝ ներկայումս գործարկվող մեթոդները միայն ախտանշանները ժամանակավորապես վերացնելու հնարավորություն են ընձեռում:

Ճապոնիայի բնական գիտությունների պետական ինստիտուտի աշխատակիցները համոզմունք ունեն, որ ցողունային բջիջներից աճեցված ցանցաթաղանթի ներպատվաստումը կարող է մակուլոդիստրոֆիայի բուժման արդյունավետ միջոց ծառայել: Ոլորտում ցողունային բջիջների գործարկմամբ առաջին անգամ իրականացվող կլինիկական փորձարկումներին եւս 5՝ հիշյալ հիվանդությամբ ախտորոշված, առնվազն 50 տարեկան կամավորներ են մասնակցելու՝ համարժեք վիրահատության ենթարկվելու համար:



© NEWS.am Medicine