Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է

09:44   17 օգոստոսի, 2022

Հիպերգլիկեմիան կամ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը տեղի է ունենում, երբ արյան մեջ շատ շաքար կա: Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմում ինսուլինը (հորմոնը, որը գլյուկոզա է տեղափոխում արյուն) չափազանց քիչ է, կամ երբ օրգանիզմը  չի կարողանում ճիշտ օգտագործել ինսուլինը: Ամենից հաճախ այդ վիճակը կապված է շաքարախտի հետ, նշում է Քլիվլենդի կլինիկան: Eat This, Not That! պորտալը զրուցել է հիվանդների խնամքի ավելի քան 15 տարվա փորձ ունեցող բժիշկ Շոն Մարչեզեի հետ, ով բացատրել է, թե ինչպես է արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող ազդել օրգանիզմի վրա:

Մարչեզեի խոսքով՝ արյան մեջ շաքարի չափազանց ցածր մակարդակը կարող է գլխացավի, նյարդային խանգարումների եւ գլխապտույտի հանգեցնել: Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է անհասկանալի խոսք, մշուշոտ տեսողություն, գիտակցության կորուստ եւ նոպաներ առաջացնել, եթե այն չբուժել:

Մասնագետը բացատրել է, որ արյան մեջ շաքարի բարձրացման ռիսկի զգալի գործոններից են հիպերտոնիան, գիրությունը, հղիության ընթացքում շաքարախտը, բարձր խոլեստերինը կամ 2-րդ տիպի շաքարախտի ընտանեկան պատմությունը:

Մարչեզեն պատմել է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է ջրազրկել օրգանիզմի հյուսվածքները: Քանի որ ձեր արյան մեջ շաքարը բարձրանում է, օրգանիզմը ծարավ է զգում կորցրած ջուրը լրացնելու եւ ավելորդ շաքարն օրգանիզմից դուրս բերելու համար:
«Երիկամները պատասխանատու են ավելորդ գլյուկոզայի մշակման համար,- բացատրել է մասնագետը։- Արյան մեջ շաքարի բարձրացումը ավելի հաճախ միզելու է հանգեցնում, քանի որ օրգանիզմը վերամշակում է ավելորդ գլյուկոզան եւ դուրս է բերում այն»:

Մարչեզեն ընդգծել է, որ արյան մեջ բարձր շաքարի պատճառով ջրազրկումը կարող է մաշկի վնասման հանգեցնել, այդ թվում՝ չորության, քորի եւ ճաքերի։ Վնասված մաշկը կարող է վարակի բարձր ռիսկի հանգեցնել , ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել արյան մեջ խրոնիկ բարձր շաքարով մարդկանց մոտ:

Գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է նաեւ վնասել աչքերի արյունատար անոթներն ու նյարդերը, ինչը կարող է տեսողության մշտական ​​կորստի հանգեցնել։



© NEWS.am Medicine