Կարելի՞ է արդյոք հեշտ ու պարզ զսպել քաղցրի հանդեպ հակումը

12:23   17 օգոստոսի, 2022

Քաղցրի հանդեպ հանկարծակի հակումը ճնշելու պարզ միջոց է ջուր խմելը, հարցազրույցում ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան, փոխանցում է «ՄեդիկՖորում»-ը։

Պավլովան բացատրել է, որ քաղցր բան ուտելու մեծ ցանկությունը, որպես կանոն, կապված է դրական հույզերի բացակայության հետ։ Քաղցրավենիքը (ինչպես նաեւ՝ յուղոտ մթերքները) խթանող ազդեցություն ունեն ուղեղի հաճույքի կենտրոնների վրա, եւ դրանց նկատմամբ հակումները կարող են աճել հոգեկան ճնշման, դեպրեսիայի, սթրեսի վիճակում:

Բժիշկը հավելել է, որ ապրումների վիճակում հանգստանալու եւ հաճույք ստանալու համար այդպիսի սնունդ ուտելով, մարդիկ գրեթե անխուսափելիորեն ավելորդ կիլոգրամներ ստանալու վտանգի առջեւ են կանգնում։

«Եթե մարդն անընդհատ սթրեսի ժամանակ քաղցր է «ուտում», նա կարող է արագ գիրանալ եւ մի շարք հիվանդություններ ձեռք բերել»,- ասել է Զուխրա Պավլովան։

Բժիշկը որպես քաղցրավենիքի հանդեպ սթրեսային հակումը ճնշելու պարզ միջոց նշել է մեկ բաժակ ջուրը եւ՝ ոչ թե մեկ կումով, այլ դանդաղ, փոքր կումերով:

«Ժամանակին խմած հեղուկը կարող է թուլացնել ինչ-որ բան ուտելու ցանկությունը»,- ընդգծել է փորձագետը։





© NEWS.am Medicine