Կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են 24 տոկոսով, բայց Ասիայում մահվան դեպքերի թիվն աճում է. ԱՀԿ.

14:19   19 օգոստոսի, 2022

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի, աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է գրեթե մեկ քառորդով, մինչդեռ մահվան դեպքերը նվազել են 6 տոկոսով, բայց ցուցնիշն ավելի բարձր է Ասիայի որոշ հատվածներում, փոխանցում է Associated Press-ը։

ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ով վարակման 5.4 միլիոն նոր դեպք, ինչը 24 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ: Վարակման դեպքերի թիվն ամբողջ աշխարհում նվազել է, այդ թվում՝ գրեթե 40 տոկոսով Աֆրիկայում եւ Եվրոպայում եւ մեկ երրորդով՝ Մերձավոր Արեւելքում: Արեւմտյան Խաղաղ օվկիանոսում եւ Հարավարեւելյան Ասիայում COVID-ից մահացության դեպքերն աճել են համապատասխանաբար 31 եւ 12 տոկոսով, սակայն մնացած բոլոր տարածաշրջաններում նվազել կամ նույնն են մնացել։

Չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն աճել է 35 տոկոսով եւ նշել, որ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է մահվան 15.000 դեպք։

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ ամեն շաբաթ փոխանցվող վիրուսների հաջորդականությունների թիվը նվազում է 90 տոկոսով, ինչը գիտնականների համար չափազանց դժվար է դարձնում հետեւել, թե ինչպես կարող է COVID-19-ը մուտացիայի ենթարկվել:

Հինգշաբթի օրը ԱՀԿ-ի պատվաստանյութերի հարցող խորհրդատվական խումբն առաջին անգամ խորհուրդ էր տվել, որպեսզի COVID-19-ի նկատմամբ առավել խոցելի մարդիկ, այդ թվում՝ տարեցները, լուրջ հիվանդություններ ունեցողները եւ բուժաշխատողները, ստանան պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։





© NEWS.am Medicine