Ինչպե՞ս են յոգայի պարապմունքներն ազդում տղամարդկանց առողջության վրա

10:38   1 սեպտեմբերի, 2022

Ավստրալիայի Դիքինի համալսարանի նոր հետազոտությունը զգալի առավելություններ է հայտնաբերել յոգայով զբաղվող տղամարդկանց հոգեկան եւ ֆիզիկական առողջության համար, սակայն նրանցից շատերի համար ամենամեծ խոչընդոտը պարապմունքներին միանալու քաջության բացակայությունն է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Australian Psychologist ամսագրում։

«Յոգան իր մեջ համատեղում է շնչառական վարժություններ, ֆիզիկական դիրքեր ու մեդիտացիա, եւ, ինչպես ցույց է տրվել, օգնում է դեպրեսիայի եւ տագնապայնության դեպքում, սակայն տղամարդիկ կազմում են ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար ավստրալիական յոգայի պարապմունքներին մասնակիցների 20 տոկոսից քիչ մասը»,- ասում է Դիքինի համալսարանի հոգեբանության դպրոցի դոցենտ Մելիսա Օ'Շին:

Գիտնականը նաեւ ասել է, որ յոգայի ստուդիաները հաճախ ընկալվում են որպես կանանց տարածք, եւ որոշ տղամարդիկ դա վախեցնող են համարում ու ամաչում են կանանց հետ պարապել:

Դոցենտ Օ'Շիի խոսքով՝ անցած տարի հրապարակված առանձին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 10-55 տարեկան ավստրալացի տղամարդկանց մինչեւ 25 տոկոսն իրենց կյանքի ընթացքում բախվել են ախտորոշված հոգեկան խանգարման:

«Հետազոտության ընթացքում մենք յոգայով զբաղվող տղամարդկանց հարցրեցինք, թե հոգեկան առողջության ինչ առավելություններ են զգացել նրանք պարապմունքների արդյունքում, եթե այդպիսիք կան»,- նշել է գիտնականը:

Հետազոտության 14 մասնակիցներից 11-ը յոգայով սկսել են 40 տարեկանից հետո զբաղվել:

«Մասնակիցներն ասել են, որ յոգան դիտարկում են որպես ֆիզիկական ակտիվության ձեւ, որը կարող են պահպանել տարիքի հետ, եւ յոգայի ցածր հարվածային ծանրաբեռնվածությունն օգնում է իրենց ֆիզիկական առողջությանը, ինչպես նաեւ օգտակար է հոգեկան առողջության համար»,- պատմել է հետազոտության հեղինակը:



© NEWS.am Medicine