Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ կարող են COVID-19-ի ավելի ծանր ընթացք ունենալ. հետազոտություն

09:45   5 սեպտեմբերի, 2022

Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ կարող են COVID-19-ի ավելի ծանր ընթացք ունենալ եւ հոսպիտալացվել։ Այսպես են վկայում Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի եւ Սենթ Լուիսի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները։

Գիտնականների թիմն ուսումնասիրել է 723 տղամարդու, որոնց COVID-19-ի թեստը դրական է եղել, հիմնականում 2020թ., մինչեւ պատվաստանյութի ի հայտ գալը։ Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ ցածր տեստոստերոնը COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ռիսկի անկախ գործոն է, այնպես, ինչպես դիաբետի, սրտի հիվանդությունների եւ թոքերի քրոնիկական հիվանդությունների դեպքում։

Նրանք հայտնաբերել են, որ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ, որոնք վարակվել են COVID-19-ով, 2,4 անգամ ավելի շատ են հոսպիտալացման կարիք ունեցել, քան նորմալ չափով հորմոնն ունեցող տղամարդիկ։ Բացի այդ, այն տղամարդիկ, որոնց համար մեկ անգամ արդեն ախտորոշվել է տեստոստերոնի ցածր մակարդակ, բայց որոնք հաջողությամբ անցել են փոխարինող հորմոնալ թերապիա, COVID-19-ի պատճառով ավելի հաճախ չեն հայնվել հիվանդանոցում, քան այն տղամարդիկ, որոնց տեստոստերոնի մակարդակը միշտ նորմի մեջ է եղել։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, վկայում են այն մասին, որ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց բուժումը կարող է օգնել նրանց ծանր հիվանդությունից պաշտպանելուն եւ նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը COVID-19-ի բռնկման ժամանակ։



© NEWS.am Medicine