Ինչո՞ւ են վախի մասին հիշողությունները մնում մարդկանց ուղեղում

14:30   21 սեպտեմբերի, 2022

Լինչեպինգի համալսարանի (Շվեդիա) հետազոտողները հայտնաբերել են կենսաբանական մեխանիզմ, որն ուղեղում ավելի ամուր է պահում  վախի մասին հիշողությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։

Վախի զգացողությունն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի մարդը խուսափի կյանքի համար վտանգավոր իրավիճակներից եւ սովորի խուսափել դրանցից ապագայում։ Բայց որոշ հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) եւ տագնապի հետ կապված այլ խանգարումներ, վախի ռեակցիաները դառնում են չափից ուժեղ եւ պահպանվում են անգամ այն ժամանակ, երբ դրանք արդեն տեղին չեն։

Հետազոտողները կասկածում են, որ որոշ մարդիկ պաթոլոգիական վախերի մեծ հակում ունեն, եւ որ դա կապված է այն բանի հետ, թե ինչպես է ուղեղը մշակում վախի մասին հիշողությունները։

Ուղեղի որոշ հատվածներ հատկապես կարեւոր են վախի հետ կապված հիշողությունների մշակման համար։ Նշագեղձն ակտիվանում է սպառնալիքի առաջացման դեպքում եւ աշխատում է ուղեղի ճակատամասի հատվածների, «ճակատամերձ կեղեւի» հետ, որոնք կարեւոր են հույզերի կարգավորման համար։

Բայց այդ պրոցեսի մոլեկուլյար մեխանիզմները երկար ժամանակ անհայտ էին մնում։ Գիտնականներն այս հետազոտությունում ուսումնասիրել են որպես PRDM2 հայտնի սպիտակուցը՝ էպիգենետիկ ֆերմենտ, որը ճնշում է շատ գեների էքսպրեսիան։ Մինչ այդ հետազոտողները հայտնաբերել էին, որ PRDM2-ի մակարդակն ավելի ցածր է ալկոհոլային կախվածության ժամանակ եւ հանգեցնում է սթրեսին չափազանցված ձեւով արձագանքելուն։

Որպեսզի նոր հիշողությունները պահպանվեն, դրանք պետք է կայունացվեն եւ պահպանվեն որպես երկարաժամկետ հիշողություններ։ Այդ պրոցեսը հայտնի է որպես «կոնսոլիդացում»։ Հետազոտողներն ուսումնասիրել են PRDM2-ի նվազեցված մակարդակի ազդեցությունն այն բանի վրա, թե ինչպես են մշակվում վախի մասին հիշողությունները։

«Տագնապի հետ կապված խանգարումներ ունեցող պացիենտները կարող են օգուտ ստանալ այն բուժումից, որը թուլացնում կամ ջնջում է վախի մասին հիշողությունները։ Կենսաբանական մեխանիզմը, որը մենք հայտնաբերել ենք, ներառում է PRDM2-ի նվազեցնող կարգավորում, եւ ներկայում մենք այն բարձրացնելու միջոց չունենք։ Բայց այդ մեխանիզմը կարող է մասամբ բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ ավելի խոցելի տագնապի հետ կապված վիճակների հանդեպ։ Այն նաեւ կարող է բացատրել, թե ինչու են այդ վիճակները եւ ալկոհոլային կախվածությունն այդքան հաճախ հանդիպում միասին»,- նշել են նրանք։ 



© NEWS.am Medicine