Ստեղծվել է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող պացիենտների բուժման իմպլանտ

17:38   23 սեպտեմբերի, 2022

Երբ ծանր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) ունեցող պացիենտներին բուժման ավանդական մեթոդները չեն օգնում, կարող է օգնել իմպլանտը, որն ուղեղին տալիս է էլեկտրական ազդակներ, վկայում են նոր հետազոտության արդյունքները։

Հետազոտությունների վերլուծությունը հրապարակվել է Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry ամսագրում։

Այն  ցույց է տվել, որ այդ միջոցը, որը հայտնի է որպես «ուղեղի խոր խթանում» կամ DBS, կարող է զգալի թեթեւացնել նման պացիենտների երկու երրորդի վիճակը։ Այն միջինը կարող է թեթեւացնել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ախտանշանները կիսով չափ, նշվել է վերլուծությունում։

Կարծիք կա, որ այդ հիվանդությամբ տառապում է մոլորակի բնակչության մոտ 3 տոկոսը։ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման օրինակները ներառում են ձեռքերի բազմակի լվացումը, կարգուկանոն հաստատելն ու վերադասավորումները, բառերի կրկնությունը, ինչպես նաեւ ստուգումն ու վերստուգումը։

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 31 հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են 2005-2021թթ.։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունները ներառել են ՕԿԽ ունեցող 345 մեծահասակ պացիենտների, որոնց միջին տարիքը 40-ն էր։ Նրանք բոլորը պայքարում էին ՕԿԽ-ի ծանր ձեւի դեմ, որը ստանդարտ բուժման չի ենթարկվում։

Մասնակիցները միջինը մոտ 25 տարի են անցկացրել ՕԿԽ-ի ախտանշանների դեմ պայքարում։ Շատերը տառապում էին նաեւ դեպրեսիայով, տագնապով եւ/կամ անձի երկվությամբ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուժման մոտ երկու տարի տեւած միջին շրջանից հետո ուղեղի խոր խթանումը ախտանշանների նկատելի բարելավում է արձանագրել պացիենտների երկու երրորդի մոտ։  Ախտանշանները միջինը թուլացել են 47 տոկոսով, տեղեկացրել են հետազոտողները։

Ուսումնասիրության համաձայն՝ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ պացիենտ առնվազն մեկ լուրջ կողմնակի ազդեցություն է ունեցել ուղեղի խոր խթանումից։ Դրանք կարող են ներառել նոպաների բարձր ռիսկը, ինքնասպանությունների փորձերը, կաթվածը, ինչպես նաեւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման նոր ախտանշանները։



© NEWS.am Medicine