Քնի հետ կապված ի՞նչ նշաններ են մատնանշում անհապաղ բժշկի դիմելու անհրաժեշտության մասին

17:37   26 սեպտեմբերի, 2022

Բոլորը երբեմն հոգնածություն են զգում, բայց ինչպե՞ս հասկանալ, թե երբ պետք է դիմել բժշկի քնի հետ կապված հոգնածության կամ այլ խնդիրների դեպքում։ Եթե դուք վաղուց հանգիստ գիշերներ չեք անցկացրել քնելու ձեր սովորության պատճառով, գուցե եկել է բժշկական օգնության դիմելու ժամանակը։

Ընդհանուր պրակտիկայի երկու բժիշկ նշել են մի քանի տագնապալի նշաններ, որոնք կարող են վկայել ինչ-որ ավելի լուրջ բանի մասին, գրել է Echo-ն։

Ուժեղ խռմփոց

Ուժեղ խռմփոցը կարող է լինել քնի ափնոեի նշան։

«Սա վատ քնի՝ հաճախ ուշադրությունից վրիպող պատճառ է, որը հանգեցնում է օրվա ընթացքում քրոնիկական հոգնածության։ Դա պայմանավորված է նրանով, որ կոկորդը մշտապես փակվում է քնի ժամանակ, ինչի պատճառով թթվածնի մակարդակն ընկնում է, ինչը հանգեցնում է նրան, որ հաճախակի արթնանում են։ Ամենից հաճախ այս հիվանդությունը հանդիպում է ավելորդ քաշ եւ հաստ պարանոց ունեցող մարդկանց մոտ»,- բացատրել է բժիշկ Քլեր Մորիսոնը։

Անհանգիստ ոտքեր

Սա նյարդային համակարգի հիվանդություն է՝ կապված ոտքերի տհաճ ծակոցների հետ, որոնք թեթեւանում են միայն ոտքերի մշտական շարժման դեպքում։ «Այդ վիճակը, որպես կանոն, ուժեղանում է երեկոյան եւ գիշերը, երբեմն դրա պատճառով անհնար է նորմալ քնել։ Այն կարող է վնասել նաեւ ձեռքերը»,- նշել է Մորիսոնը։

Նրա խոսքով՝ այս հիվանդության պատճառն ուղեղում դոֆամին քիմիական նյութի անբավարարությունն է, եւ դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, ուստի կարեւոր է պարզել, թե հատկապես ինչով։

Հոգեկան խանգարումներ, որոնք ազդում են քնի վրա

Հոգեկան շատ խանգարումներ կարող են քնի հետ կապված դժվարություններ առաջացնել, ուստի հաճախ խնդիրներն իրենց մասին զգալ են տալիս գիշերը։

«Գոյություն ունի սերտ կապ քնի եւ հոգեկան առողջության միջեւ, եւ վատ քունը կարող է խորացնել հոգեկան հիվանդությունը, ուստի շատ կարեւոր է լուծել քնի հետ կապված խնդիրը վաղ փուլում։ Հոգեկան առողջության խնդիրները, որոնք սովորաբար ազդում են քնի վրա, ներառում են դեպրեսիան, տագնապը, սթրեսը, խուճապային խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը»,- ասել է բժիշկ Մորիսոնը։

Մշտական խիստ հոգնածություն

Սա կարող է լինել սակավարյունության նշան, կարծում է բժիշկ-թերապեւտ Ռոս Փերին։ «[Սակավարյունության] մյուս ախտանշաններն են էներգիայի անբավարարությունը, մաշկի գունատությունը, գլխացավը, գլխապտույտը, թեթեւ գլխապտույտը, սառը ձեռքերը եւ ոտքերը եւ կոտրատվող ոտքերը»,- բացատրել է բժիշկ Փերին։



© NEWS.am Medicine