Անառողջ ապրելակերպը նպաստում է օրական մոտ 400 կանխարգելվող քաղցկեղի դեպքերի առաջացմանը Մեծ Բրիտանիայում

22:35   27 սեպտեմբերի, 2022

Փորձագետները նախազգուշացնում են, որ արագ սնունդը, ալկոհոլը եւ արեւի չափազանց մեծ ազդեցությունը նպաստում են Մեծ Բրիտանիայում օրական մոտ 400 կանխարգելվող քաղցկեղի դեպքերի առաջացմանը, գրում է Daily Mail-ը։

Նրանք գնահատում են, որ տարեկան մոտ 155.000 ախտորոշում կարող է կանխվել, եթե բրիտանացիներն ավելի առողջ ապրելակերպ վարեն:

Կարմիր մսի օգտագործման կրճատումը, վերամշակված մսից խուսափելը եւ ավելի քիչ ալկոհոլ օգտագործելը Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի առաջարկություններն են, որոնք կօգնեն նվազեցնել այս հիվանդության ռիսկը:

2019-2020 թթ մոտ 387.820 մարդու մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, ինչը երկու տարվա ընթացքում ավելացել է 20.000-ով:

Ըստ բարեգործական կազմակերպության՝ տասը նման դեպքերից մոտ չորսը կարելի է կանխել ավելի լավ ապրելակերպի ընտրությամբ, օրինակ՝ ավելի առողջ սնվելով, չծխելով եւ մարզվելով:

Կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակն էր՝ 56987 նոր ախտորոշմամբ, որին հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը՝ 55068:

Թոքերի քաղցկեղը շարունակում է ամենամահացուն մնալ՝ 2019/20 թթ. 34.171 մահվան դեպք, եւ երկրորդը ամենատարածվածը՝ 48.754 նոր դեպք։

Այս թվերը մի փոքր ցածր են 35180-ից եւ 48017-ից համապատասխանաբար: Մաշկի մահացու քաղցկեղի՝ մելանոմայի դեպքերը, որոնք կարող են առաջանալ արեւի լույսի գերզգայուն ազդեցության պատճառով, երկու տարվա ընթացքում 16183-ից հասել են 17845-ի:

Միեւնույն ժամանակ գրանցվել է 44706 դեպք եւ 17484 մահ աղիների քաղցկեղից, ինչն ավելի ու ավելի շատ են կապում ապրելակերպի գործոնների հետ։

Ավելորդ քաշը կամ ճարպակալումը կապված են 13 տեսակի քաղցկեղի, այդ թվում՝ կրծքագեղձի, արգանդի, հաստ աղիքի, լյարդի, երիկամի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Ծխելը, ըստ գնահատականների, թոքերի քաղցկեղի դեպքերի 70 տոկոսի՝ ամեն տարի քաղցկեղի բոլոր նոր դեպքերի գրեթե մեկ հինգերորդի պատճառն է:

 



© NEWS.am Medicine