Երեխաների լեզու սովորելու դժվարությունները կապված են ուղեղի աշխատանքի տարբերությունների հետ. հետազոտություն

17:47   27 սեպտեմբերի, 2022

Խոսքի զարգացման խանգարումը բավական տարածված է եւ վերաբերում է մոտավորապես երկու երեխայի ամեն դասարանում։ Խոսքի զարգացման խանգարում ունեցող երեխաները դժվարությամբ են հասկանում եւ օգտագործում իրենց մայրենի լեզուն՝ դժվարություններ ունենալով քերականության, բառապաշարի եւ զրույց վարելու հարցերում։

Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում, դոկտոր Սալոնի Քրիշնանը եւ նրա գործընկերներն օգտագործել են ուղեղի ՄՌՏ-սքանավորումը, որը հատկապես զգայուն է ուղեղի հյուսվածքների տարբեր հատկությունների հանդեպ։ Օրինակ, սքանավորման ժամանակ չափվել է միելինի եւ երկաթի քանակությունն ուղեղում։ Միելինը ճարպային սուբստանց է, որը պարուրում է նեյրոնները եւ արագացնում ազդանշանների փոխանցումն ուղեղի հատվածների միջեւ։ Դա նման է էլեկտրալարերի շուրջ մեկուսացմանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ խոսքի խանգարում ունեցող երեխաների ուղեղի՝ կանոնների եւ սովորությունների յուրացման, ինչպես նաեւ մայրենի լեզուն օգտագործելու ու այլ լեզու հասկանալու համար պատասխանատու հատվածներում միելինն ավելի քիչ է։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ սքանավորման այս տեսակն ավելի շատ վկայում է ուղեղի հյուսվածքների կառուցվածքի կամ կազմի մասին տարբեր հատվածներում։ Ստացված արդյունքները կարող են օգնել հասկանալ այն ուղիները, որոնք գործադրվում են կենսաբանական մակարդակում, եւ վերջնարդյունքում թույլ կտան բացատրել, թե ինչու են խոսքի խանգարում ունեցող երեխաները լեզու սովորելու խնդիրներ ունենում։



© NEWS.am Medicine