Կալիումով հարուստ չորս մրգեր, որոնք օգնում են պաշտպանել հոդերը

13:26   2 հոկտեմբերի, 2022

Կալիումով հարուստ մթերքները կարող են օգնել պաշտպանել ոսկորները եւ հոդերը, ինչը շատ կարեւոր է արթրիտի ախտանիշների բուժման համար:

Արթրիտը կարող է լինել անհարմար եւ ցավոտ հիվանդություն: Այս հիվանդության տարբեր տեսակներ կարող են առաջացնել այտուց, կարծրություն, հոդերի բորբոքում կամ հանգեցնել մկանների թուլության եւ հյուծվածության: Չնայած այս հիվանդության համար դեղամիջոցներ չկան, համարվում է, որ սննդակարգը կարող է որոշակի դեր խաղալ ախտանիշների դեմ պայքարելու գործում:

Փորձագետներից մեկի՝ MedExpress-ից բժիշկ Քլեր Մորիսոնի կարծիքով՝ կալիումով հարուստ մթերքները կարող են արթրիտի դեմ պայքարի բանալի լինել:

«Դիետիկ կալիումը օգնում է հավասարակշռել աղից ավելցուկային նատրիումը, նվազեցնելով հեղուկի կուտակումը եւ նպաստելով ոսկորների ու հոդերի մեջ կալցիումի պատշաճ օգտագործմանը»,- բացատրել է նա:

Սա հաստատում է The Journal of Pain ամսագրում հրապարակված հետազոտությունը, որը կապ է բացահայտել կալիումի ցածր մակարդակի եւ ռեւմատոիդ արթրիտի միջեւ։

Հետազոտության ընթացքում ռեւմատոիդ արթրիտ ունեցող մասնակիցների խումբը 28 օր կալիումի հավելումներ ընդունելուց հետո ավելի քիչ ցավ է զգացել, քան նրանք, ովքեր չեն ընդունել այն:

«Լավ աղբյուրներն են բանանը, սեխը, նարինջը եւ ծիրանը»,- նշել է մասնագետը։

Հարյուր գրամ բանանը պարունակում է 358 մգ կալիում, մինչդեռ նույնքան սեխը պարունակում է 267 մգ։

Հարյուր գրամ նարինջը պարունակում է 181 մգ, իսկ ծիրանը՝ 259 մգ կալիում։

Սակայն չորացրած ծիրանն ավելի հարուստ է կալիումով. 100 գրամը պարունակում է 1162 մգ կալիում:



© NEWS.am Medicine