Աչքերի լազերային վիրահատությունը նախկին դեղագործի կյանքը վերածել է ամենօրյա տառապանքի

10:24   3 հոկտեմբերի, 2022

Նախկին դեղագործ Սոհաիբ Աշրաֆը պատմել է, որ աչքերի լազերային վիրահատությունից հետո սկսել է տառապել ահավոր ցավից, գրել է The Mirror-ը։

Աշրաֆը վիրահատվել է ինը տարի առաջ, եւ նրա կյանքն անշրջելիորեն փոխվել է։

Հիմա 36-ամյա Աշրաֆը, որը մեկ երեխա ունի, ստիպված է թողնել դեղագործի աշխատանքն ու ապրել մշտական, տառաալից ցավերի մեջ։

Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե որն է նրա խնդիրը, բայց արդյունքում ախտորոշեցին «եղջերվաթաղանթի կրկնվող էրոզիայի համախտանիշ, աչքերի չորություն եւ նեւրոպաթիկ ցավ»։

Նա նշել է, որ տասնյակ հազարավոր ֆունտ սթեռլինգներ է ծախսել բուժման եւ դեղերի վրա՝ տառապանքները մեղմելու նպատակով, բայց ապարդյուն, գրել է Manchester Evening News-ը։

Մանուկ հասակից ակնոցներ կրելով՝ Սոհաիբը երազել է կատարյալ տեսողություն ունենալ, եւ 26 տարեկանում դիմել է աչքերի լազերային վիրահատության։

2013թ. նա վիրահատվել է Մանչեսթրի աչքի թագավորական հիվանդանոցում, եւ եթե ոչ մեծ անհարմարավետությունը չլիներ վիրահատությունից հետո, ամեն բան կարգին կարելի էր համարել։

Բայց ընդամենը մի քանի շաբաթ հետո Սոհաիբն արթնացել է աչքերի ահավոր ծակող ցավից։

Աշրաֆը կնոջ եւ փոքր որդու հետ ապրում է Փրեստոնում, այն ժամանակ աշխատում էր որպես դեղագործ, բայց ցավն այնքան հյուծիչ էր, որ ստիպված է եղել թողնել աշխատանքն ու կարիերան, որի համար տարիներ սովորել էր։

Անցել է ինը տարի, բայց ահավոր կողմնակի ազդեցությունները մնացել են։ Սոհաիբը նախկինի պես ամեն օր պայքարում է ցավի դեմ։

Նրան հատկապես հուսահատեցնում է այն, որ այն ժամանակ որոշել էր վիրահատվել։

Նրան վիրահատել են LASEK-ով, որի դեպքում կտրող լազերի օգնությամբ փոխվում է գմբեթաձեւ թափանցիկ հյուսվածքի ձեւը աչքի առաջնամասում (եղջերվաթաղանթ)՝ տեսողությունը բարելավելու համար։

Գոյություն ունեն մի քանի տարբեր միջամտություններ, ներառյալ հայտնի LASIK-ը, որի դեպքում եղջերվաթաղանթից կտրվում է մի կտոր եւ ձեւավորվում աչքի խնձորակի ավելի խոր շերտ։ Գոյություն ունի նաեւ LASEK-ը, որին ենթարկվել է Սոհաիբը. այն փոխում է աչքի մակերեսի ձեւը։



© NEWS.am Medicine