Գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի գլխավոր թիրախն ուղեղում

22:38   3 հոկտեմբերի, 2022

Բրազիլացի գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ վիրուսը, որն առաջ է բերում COVID-19, կարող է վարակել ուղեղի բջիջները, հատկապես աստրոցիտները։ Հետազոտողները նկարագրել են նաեւ ուղեղի նեյրոններով ամենահարուստ հատվածի՝ գլխուղեղի կեղեւի կառուցվածքային փոփոխությունները, անգամ COVID-19-ի թեթեւ ձեւի ժամանակ։

Գլխուղեղի կեղեւը կիսագնդերում գորշ նյութի արտաքին շերտն է։ Այն նեյրոնային ինտեգրման ամենամեծ տեղն է կենտրոնական նյարդային համակարգում եւ կարեւոր դեր է խաղում այնպիսի բարդ գործառույթներում, ինչպիսին են հիշողությունը, ուշադրությունը եւ լեզուն։

Աստրոցիտները կենտրոնական նյարդային համակարգի ամենամեծաթիվ բջիջներն են։ Դրանց գործառույթները ներառում են նեյրոնների կենսաքիմիական աջակցությունը եւ սննդանյութերով ապահովումը, նեյրոտրանսմիտների եւ այլ նյութերի մակարդակի կարգավորումը, որոնք կարող են խանգարել նեյրոնների գործունեությանը, օրինակ՝ կալիումինը, հեմատոէնցեֆալիկ պատնեշի աջակցումը, որն ուղեղը պաշտպանում է պաթոգեններից եւ տոքսիններից եւ աջակցում ուղեղի հոմեոստազին։

Աստրոցիտների վարակումը հաստատվել է COVID-19-ից մահացած 26 պացիենտների ուղեղի հյուսվածքների օգտագործմամբ կատարված փորձերով։  

Հետազոտողներն օգտագործել են իմունահիստոքիմիա անունով հայտնի մեթոդը՝ պրոցես, որտեղ հակամարմինները հանդես են գալիս որպես վիրուսային հակագենների կամ ուսումնասիրվող հյուսվածքի այլ բաղադրիչների մարկերներ։

Գիտնականների խոսքով՝ վիրուսի առկայությունը հաստատվել է 26 ուսումնասիրված նմուշներից հինգում։ Այդ հինգ նմուշներում հայտնաբերվել են նաեւ փոփոխություններ, որոնք վկայել են կենտրոնական նյարդային համակարգի հնարավոր ախտահարման մասին։

Հետազոտության մյուս մասում  81 կամավորական, որոնք վարակված էին COVID-19- ի թեթեւ ձեւով, ուղեղի սքանավորում է անցել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) օգնությամբ։ Սքանավորումն իրականացվել է ախտորոշումից միջինը 60 օր հետո։ Մասնակիցների մոտ մեկ երրորդի մոտ այդ պահին դեռեւս նյարդաբանական կամ նյարդահոգեկան ախտանշաններ կային։

ՄՌՏ-սքանավորումը ցույց է տվել, որ որոշ կամավորականների ուղեղի որոշ հատվածների կեղեւի հաստությունը փոքրացել էր ստուգիչ խմբի միջին ցուցանիշների համեմատ։

«Երբ արդյունքները համեմատել են չվարակված մարդկանց տվյալների հետ, հայտնաբերվել է, որ աստրոցիտներում առատ են եղել փոփոխված էքսպրեսիայով մի քանի սպիտակուցներ, ինչը հաստատում են իմունահիստոքիմիայի օգնությամբ ստացված արդյունքները։ Մենք փոփոխություններ ենք նկատել աստրոցիտների տարբեր կենսաքիմիական ուղիներում, հատկապես այն ուղիներում, որոնք կապված էին էներգետիկ մետաբոլիզմի հետ»,- ասել են հետազոտության հեղինակները։



© NEWS.am Medicine