Գիտնականներն ստեղծել են «ռոբոտացված» դեղապատիճ, որը կարող է փոխարինել ներարկմանը

17:43   3 հոկտեմբերի, 2022

Պատճառներից մեկը, թե ինչու է դժվար մեծ սպիտակուցային դեղամիջոցներ խմելը, այն է, որ այդ դեղերը չեն կարող անցնել մարսողական տրակտի լորձաթաղանթով։ Նշանակում է, որ ինսուլինը եւ «կենսաբանական դեղերի» մեծ մասը, որոնք բաղկացած են սպտակուցներից կամ նուկլեինաթթուներից, պետք է ներարկվեն։

Նոր դեղապատիճը, որն ստեղծել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, գուցե, կարողանա փոխարինել այդ ներարկումներին։ Պատիճը ռոբոտացված կափարիչ ունի, որը պտտվում է եւ թունել բացում լորձաթաղանթում, երբ հասնում է բարակ աղիին՝ թույլ տալով պատիճով դեղերին հասնել աղիների բջիջներին։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Science Robotics ամսագրում, ցույց է տրվել, որ այս մոտեցումը կարող է օգտագործվել ինսուլինի, ինչպես նաեւ վանկոմիցինի (պեպտիդ հակաբիոտիկ) ընդունման դեպքում, ինչը ներկայում ստիպված են ներարկման միջոցով հասցնել հիվանդին։

Մի քանի տարիների ընթացքում գիտնականները մշակել են սպիտակուցային այնպիսի դեղերի՝ խմելու միջոցով ընդունման մոտեցում, ինչպիսին է ինսուլինը։ Քանի որ սպիտակուցային դեղերը սովորաբար քայքայվում են մարսողական տրակտի թթու միջավայրում, դրանք նույնպես դժվար են հաղթահարում լորձաթաղանթի պատնեշը։

Այս խոչընդոտները հաղթահարելու համար նրանք մտահղացել են ստեղծել պաշտպանիչ պատիճ, ներառյալ այնպիսի մեխանիզմ, որը կարող է թունել բացել լորձաթաղանթի միջով։

Մուլտիվիտամինի չափ ունեցող «RoboCap» պատիճը դեղը պահում է փոքրիկ ռեզերվուարում եւ ունի թունելանման տարրեր հիմնական մասում ու մակերեսին։ Պատիճը ժելատինապատ է, որը կարող է լուծվել որոշակի pH-ում։

Երբ պատիճի ծածկույթը լուծվում է, pH-ի փոփոխությունը գործի է դնում RoboCap փոքրիկ շարժիչը պատիճի ներսում, որն սկսում է պտտվել։ Այդ շարժումն օգնում է պատիճին թափանցել լորձի մեջ եւ հետ մղել նրան։ Պատիճը նաեւ ծածկված է փոքրիկ փշերով, որոնք մաքրում են լորձը, ինչպես ատամի խոզանակը։

Պտտող շարժումն օգնում է նաեւ բացել այն հատվածը, որտեղ գտնվում է դեղը, որն աստիճանաբար հայտնվում է մարսողական տրակտում։

Հենց որ դեղն ազատվում է պատիճից, այն ինքնուրույն անցնում է մարսողական տրակտով։ Հետազոտողները բորբոքման կամ գրգռման ոչ մի նշան չեն հայտնաբերել մարսողական տրակտով պատիճի անցնելուց հետո, ինչպես նաեւ նկատել են, որ լորձի շերտը վերականգնվում է պատիճի անցնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում։ 



© NEWS.am Medicine