Նոր մոտեցում կյանքի տեւողության վրա ԴՆԹ-ի տարբերակների ազդեցության հարցում

23:49   3 հոկտեմբերի, 2022

Նոր հետազոտությունում գենետիկորեն տարբեր ավելի քան 3 000 մկների առողջ ծերանալու ուսումնասիրման բազմամյա բազմակենտրոն նախագծի շրջանակում գիտնականները մի քանի գենետիկ լոկուսներ (որոշակի գեների տեղը քրոմոսոմների քարտեզին – խմբ.) են պարզել, որոնք առնչվում են կյանքի տեւողությանը, ինչը թույլ է տալիս նորովի նայել այն հարցին, թե ինչպես կարող են ԴՆԹ-ի տարբերակներն ազդել կյանքի տեւողության վրա։

Հետազոտողները ցույց են տվել, որ տարբեր գեների ավանդը կյանքի տեւողության հարցում տարբերվում է էգերի եւ որձերի մոտ, իսկ որոշ գեներ չեն ազդում կյանքի տեւողության վրա մինչեւ մկների (մասնավորապես որձ) որոշակի տարիքի հասնելը։ Այդ գենետիկ լոկուսների մի մասն առնչվում է նաեւ մարդու եւ C. elegans որդի կյանքի տեւողությանը, ինչը վկայում է դրանց էվոլյուցիոն պահպանվածության մասին։

Հետազոտողները հայտնաբերել են որոշ համընկնումներ երկարակեցության լոկուսների եւ այն լոկուսների միջեւ, որոնք առնչվում են մարմնի զանգվածի եւ հասակի հետ, ինչը հաստատում է, որ երկարակեցությունը, հավանաբար, մի քանի նշանների միջեւ բարդ փոխգործակցության արդյունք է։ Հետազոտողները նշել են, որ սնունդը մկների վաղ տարիքում նույնպես զգալի ազդեցություն է թողել կյանքի տեւողության վրա, ինչպես մարդկանց մոտ։

«Հեռանկարներ» հոդվածում, որը հրապարակվել է American Association for the Advancement of Science ամսագրում, հետազոտող Ժուան Պեդրո դե Մագալյաեշը գրել է, որ մկների պոպուլյացիայի ոչ միասեռ կազմը կարեւոր դեր է խաղացել երկարակեցության համար այդ սեռական էֆեկտների բացահայտման գործում եւ ընդգծել է «տարբեր պոպուլյացիաների ուսումնասիրման անհրաժեշտությունը երկարակեցության ոլորտում եւ բարդ այլ հիվանդությունների ու նշանների դեպքում»։



© NEWS.am Medicine