Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետները ավելի անվտանգ այլընտրանք են ճանաչել

15:33   6 հոկտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը կարծում է, որ էլեկտրոնային սիգարետները սովորականների համեմատ այնքան էլ վտանգավոր չեն։

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 400 գիտական հետազոտություն, ինչպես նաեւ հաշվարկել են վիճակագրությունը։ Նրանց կարծիքով՝ սովորական սիգարետներն ավելի վնասակար են, քան նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետները։ Բայց նրանք վեյփերը բացարձակ անվտանգ չեն համարում։ Նրանք հավաստիացնում են, որ այդ սարքերը կարող են բավականաչափ վնաս հասցնել առողջությանը, հատկապես անչափահասների դեպքում։

Զեկույցի տվյալների համաձայն՝ սիգարետ ծխող բրիտանացիների բաժինը 2021թ. կազմել է բնակչության 12,7-ից 14,9 տոկոսը, էլեկտրոնային սիգարետներ ընտրել է քաղաքացիների 6,9-7,1 տոկոսը։ Վեյփ օգտագործողների թիվը նրանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, չի գերազանցել 0,7 տոկոսը, իսկ որպես սովորական սիգարետների փոխարինող այն ընտրել է 64,9 տոկոսը։

Արդյունքում՝ զեկուցողները եկել են այն եզրահանգման, որ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում էլեկտրոնային սիգարետներն ավելի քիչ ռիսկեր են առաջացնում առողջության համար, քան ծխախոտ ծխելը։ Վեյփինգը օրգանիզմին անհամեմատ ավելի քիչ վնասակար միացություններ է փոխանցում, ինչի մասին վկայում են օնկոլոգիական, շնչառական եւ սիրտ-անոթային հիվանդությունների բիոմարկերները։



© NEWS.am Medicine