Մինչ 2040թ.-ը կարելի է աշխարհում իրականացվող բռնության դեպքերի կիսով չափ կրճատմա՞ն հասնել

16:21   19 սեպտեմբերի, 2014

Այս շաբաթ Քեմբրիջի համալսարանին կից գործող քրեագիտության ինստիտուտում, բռնությունների կանխարգելման ոլորտը ներկայացնող 150 փորձագետների մասնակցությամբ, քրեածին իրավիճակների նվազեցմանը միտված առաջին համաշխարհային գիտաժողովն է մեկնարկելու: Մասնագետների հավաստիացմամբ, փաստը, որ աշխարհի բազմաթիվ երկրներում մարդասպանության դեպքերի թվի շարունակական կրճատում է արձանագրվում, կարող է վճռորոշ ազդեցությունների հանգեցնել: Մասնավորապես Էստոնիայում, Հոնգ Կոնգում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Լեհաստանում եւ Ռուսաստանում վերջին 15 տարիներին, ՄԱԿ-ի թմրամոլության եւ հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի հավաստիացմամբ, մարդասպանության դեպքերի ավելի քան 40 տոկոսային կետով նվազեցում է նկատվել:

Ըստ էության, ուսումնասիրության ենթարկված 88 երկրներից 67-ում, 1995-2010թթ.-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, վերը հիշատակված ցուցանիշի կրճատում է արձանագրվել: Ասել է, թե՝ բռնության դեպքերի թիվն ընդամենը 21 երկրներում է աճել: Վիճակագրական տվյալները հիմք ընդունելով, փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ առաջիկա 25 տարիներին, ճշգրիտ քաղաքականությունների մշակման եւ իրականացման պարագայում, կարելի է քրեածին իրավիճակների թվի կիսով չափ կրճատման հասնել, հաղորդում է Medical Daily-ն: 

Գիտաժողովի ընթացքում միջանձնային բռնության դեպքերի՝ համաշխարհային մակարդակով նվազեցմանը միտված ճանապարհային քարտեզ է մշակվելու: Հատկանշական է այն, որ միայն 21-րդ դարում իրականացված սպանության դեպքերի թիվը 8 մլն է կազմում, ինչն անհամեմատ բարձր է նույն ժամանակահատվածի ընթացքում հրահրված պատերազմների ընթացքում զոհվածների թվից: Մեկ այլ վիճակագրությամբ, յուրաքանչյուր երրորդ կին կենցաղային բռնության է երթարկվում, իսկ աշխարհում բնակվող 7 երեխաներից մեկը՝ սեռական:

Չնայած վերը բերված անմխիթար վիճակագրությանը, ոլորտի փորձագետները հիմքեր ունեն՝ լավատեսություն պահպանելու համար: Բանն այն է, որ միջանձնային բռնության դեպքերի թիվն արդեն հարյուրամյակներ շարունակ նվազման միտումներ է դրսեւորում: «Լոնդոնում սպանվելու ռիսկի՝ միջնադարից ի վեր 99 տոկոսի չափով կրճատում է գրանցվել: Իսկ ավելի ուշ՝ վերջին 10 տարիներին, այստեղ իրականացվող սպանությունների թվի 50 տոկոսի չափով կրճատում է ձեռք բերվել: 2003թ.-ին ցուցանիշը 200 էր կազմում, 2013թ-ին՝ ընդամենը 100», - հիմնավորել է Քեմբրիջի համալսարանին կից գործող բռնությունների նվազեցման կենտրոնի տնօրեն դոկտոր Մանուել Այսները:

Բնականաբար, բռնության դեպքերի կանխարգելման փորձերը զարգացած երկրներում առավել հաճախ են հաջողությամբ պսակվում: Աշխարհում իրականացվող սպանությունների շուրջ կեսը (45 տոկոս) ընդամենը 23 երկրներում են տեղի ունենում, որտեղ ողջ մարդկության 10 տոկոսն է բնակվում: Իսկ որոշ երկրներում էլ, գլխավորապես՝ Լատինական Ամերիկայում, սպանության դեպքերի աճ է նկատվում: Էլ չենք խոսում Աֆրիկայի մասին, որտեղից ստացված տեղեկությունները երբեք հավաստիությամբ աչքի չեն ընկնում: Վերլուծությամբ ապացուցվել է, որ մարդասպանության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկնող երկրներում՝ ներառյալ Սալվադորը, Կոնգոն եւ Ռուսաստանը, միաժամանակ կարելի է բարձր կոռուպցիոն ռիսկեր, բարձր շահութաբերությամբ անօրինական շուկաներ, առողջապահության եւ կրթության ցածր մակարդակ եւ քաղաքացիների վստահությունը չվայելող եւ անարդյունավետ գործող ոստիկանություն գտնել:



© NEWS.am Medicine