Օմեգա-3 ճարպաթթուները բարելավում են ուղեղի առողջությունը միջին տարիքում

12:39   7 հոկտեմբերի, 2022

Գիտնականները նշել են ձկան եւ օմեգա-3 ճարպաթթուների այլ աղբյուրների օգտագործման եւս մեկ օգուտի մասին։ Պարզվել է, որ օմեգա-3-ը պահպանում է ուղեղի առոջղությունը եւ բարելավում իմացական գործառույթները միջին տարիքում։ Այս մասին նշվել է Տեխասի համալսարանի Բժշկական գիտությունների կենտրոնի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Neurology ամսագրում, որի ամփոփագիրը ներկայացվել է MedicalXpress-ում։

Հոդվածի համաձայն՝ օմեգա-3-ի որոշ քանակության առկայությունն էրիթրոցիտներում կապված է եղել ուղեղի առողջ կառուցվածքի եւ կոգնիտիվ գործառույթի հետ՝ 40-50 տարեկան առողջ կամավորականների շրջանում։

2 183 կամավորականների միջին տարիքը 46 էր։ Օմեգա-3 ճարպաթթուների խտության մակարդակը էրիթրոցիտներում համեմատել են ՄՌՏ-ի արդյունքների եւ ուղեղի ծերացման իմացական մարկերների ուսումնասիրության հետ։ Հետազոտողները նաեւ որոշել են էրիթրոցիտների օմեգա-3-ի խտության ազդեցությունն այն կամավորականների վրա, որոնք APOE4 գենի կրող են, որը կապված է Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի հետ։

Պարզվել է, որ անգամ ավելի երիտասարդ տարիքում, եթե դիետան ներառում է օմեգա-3 ճարպաթթուների որոշակի քանակություն, ուղեղը կարող է ապահովված լինել պաշտպանությամբ, որը նկատվում է նաեւ միջին տարիքում։ Օմեգա-3-ի ավելի բարձր ինդեքսը կապված էր հիպոկամպի ավելի մեծ ծավալների հետ, որը պատասխանատու է ուսուցման եւ երկարատեւ հիշողության կոնսոլիդացման համար։

Մեծ քանակությամբ օմեգա-3-ի օգտագործումը կապված էր ավելի լավ աբստրակտ մտածողության կամ բարդ հայեցակարգերը հասկանալու ունակության հետ՝ տրամաբանական մտածողության օգնությամբ։ DHA եւ EPA ճարպաթթուները պաշտպանել են նաեւ APOE4 կրողների ուղեղի առողջությունը։



© NEWS.am Medicine