Թոքի մետաստատիկ քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդներին թանկարժեք դեղորայքը կտրամադրվի անվճար

17:08   9 նոյեմբերի, 2022

Հայաստանում թոքի ALK և ROS1 դրական մետաստատիկ քաղցկեղով հիվանդների համար թանկարժեք դեղորայքը կտրամադրվի անվճար։  Այս մասին տեղեկանում ենք Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Թոքի ադենոկարցինոման թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի տարատեսակներից է, որը կազմում է թոքի բոլոր քաղցկեղների մոտ 40%-ը:

Ժամանակակից բժշկության մեջ մեծ հաջողություններ են գրանցվել թոքի ադենոկարցինոմայի մոլեկուլյար-գենետիկ անալիզներով որոշվող որոշ ենթատեսակների բուժման ասպարեզում։ Թոքի մետաստատիկ ադենոկարցինոմայի դեպքում ստուգվում են մի շարք մուտացիաների առկայությունը, ինչից ելնելով կարող են նշանակվել թիրախային (target) դեղորայքներ՝ կախված մուտացիայի տեսակից:

Հայաստանում Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի կլինիկայում  The Max Foundation միջազգային բարեգործական կազմակերպության շնորհիվ անվճար տրամադրվում է Crizotinib (Xalkori) դեղորայքը, որը կիրառվում է ALK և ROS1 հայտնաբերված մուտացիայով թոքի մետաստատիկ ադենոկարցինոմայի բուժման դեպքում:

 



© NEWS.am Medicine