Մանկաբուժության և ծերաբուժության հարցերով միջազգային գիտաժողով՝ Երևանում

16:22   14 նոյեմբերի, 2022

Երևանում, Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  նոյեմբերի 18-19–ին տեղի կունենա «Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները» միջազգային մասնակցությամբ գիտաժողովը։ Սկիզբը՝ ժ.9.00։

Կազմակերպիչներն են Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան և Մ.Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 մանկաբուժության ամբիոնը։

Գիտական միջոցառումը նախատեսվում է ՀՀ ԱՆ, ԵՊԲՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ֊ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների մասնակցությամբ:

Կոնֆերանսի հիմնական ուղղությունները.

  1. Նորածինների և վաղ հասակի երեխաների տարածված ու հազվագյուտ հանդիպող, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների արդի խնդիրները. ախտորոշման, բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները:
  2. Ռեսպիրատոր և գաստրոէնտերոլոգիական հիվանդությունները երեխաների և մեծահասակների մոտ. նորը՝ հնի մասին:
  3. Երեխաների աճի հապաղում և զարգացման անոմալիաներ. ինչպես բաց չթողնել լուրջ խնդիրները
  4. Մանկական վիրաբուժություն և մանկական տրավմատիզմ. որտեղ զգոն լինել:
  5. Ուռուցքաբանությունը և գենետիկան մանկաբուժությունում. երբ կասկածել
  6. Համակցված համախտանիշներով տարեց պացիենտ. կիզակետում են կանխատեսումն ու կյանքի որակը վատթարացնող գերիատրիկ համախտանիշները:
  7. Սրտանոթային ռիսկի կառավարում. շեշտադրվում են զարկերակային հիպերտոնիայի, դիսլիպիդեմիայի, էլեկտրոլիտների և նյութափոխանակության խանգարումները:
  8. Ռացիոնալ ֆարմակոթերապիա. քննարկումներ պոլիպրագմազիայի և հակաբակտերիալ թերապիայի շուրջ
  9. Ցավային համախտանիշ, սինկոպե և գլխապտույտ տարեցների մոտ. դեղորայքային թերապիա և/կամ բժշկական վերականգնում:
  10. Առողջական խնդիրները տղամարդկանց և կանանց մոտ՝ ծերության տարիներին. մատչելի՝ կարևորի և բարդի մասին:

Գիտաժողովի գիտակրթական ծրագիրը կնպաստի բժիշկների մասնագիտական հետագա աճին, փորձի փոխանակմանը, բժշկական առաջադեմ նվաճումների մասին տեղեկատվության տարածմանը՝ ներքին բժշկության բազմամասնագիտական հարթակում:

Թիրախային լսարան. ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ, թոքաբան, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, վարակաբան, ուրոլոգ, գինեկոլոգ, սեքսապաթոլոգ, քիթկոկորդականջաբան, ստոմատոլոգ:

 



© NEWS.am Medicine