Մաշկի խնամքի համար նախատեսված գրեթե ողջ «բնական» կոսմետիկան կարող է ալերգիա առաջացնել

14:01   15 նոյեմբերի, 2022

Մաշկի խնամքի համար նախատեսված գրեթե ողջ «բնական» կոսմետիկան ալերգեններ է պարունակում, պարզել են Սթենֆորդի համալսարանի մաշկաբանները։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում։

Նրանք ուսումնասիրել են մաշկի խնամքի 1 651 միջոցներ, որոնք բնական բաղադրիչներով են եղել։ Հետազոտողները համեմատել են դրանց բաղադրիչները օնլայն-շտեմարանի տվյալների հետ, որում թվարկված են այն ալերգենները, որոնք կոնտակտային դերմատիտ են առաջացնում։ Պարզվել է, որ կոսմետիկայի 90 տոկոսը պարունակել է ամենատարածված 100 ալերգեններից առնվազն մեկը։

Բնական կոսմետիկան միջինը պարունակել է չորսից հինգ հայտնի ալերգեններ։ Ընդհանուր առմամբ, 73 տարբեր ալերգեններ թվարկվել են 7,5 հազար անգամ ուսումնասիրված 1 651 միջոցներում։ Դրանցից շատերը եղել են արոմատիզատորներ, օրինակ՝ նարդոսի (լավանդա) եւ այլ բուսայուղերով։

«Բնական կոսմետիկան պարզապես մարքեթինգային կարգախոս է, որը հենվում է մարդկանց այն հավատի վրա, թե բնական ծագմամբ դեղերը եւ կոսմետիկան ավելի անվտանգ են սինթետիկներից։ Բայց իրականում այդպես չէ, եւ բնական բաղադրիչները կարող են ուժեղ ալերգեններ լինել»,- նշել են գիտնականները։

Մաշկաբանների խոսքով՝ դա կարող է հանգեցնել կոնտակտային ալերգիայի համաճարակի, որը մի անգամ արդեն տեղի ունեցել է։ Այն ժամանակ արտադրողներն սկսել էին օգտագործել մեթիլիզոտիազոլինոն բնական կոնսերվանտը՝ ավելի անվտանգ պարաբենների փոխարեն, այն բանից հետո, երբ հայտնվել էին տեղեկություններ պարաբենների վնասակարության մասին։

Գիտնականները խորհուրդ են տալիս ալերգիայի հակում եւ զգայուն մաշկ ունեցողներին ուշադիր կարդալ կոսմետիկ միջոցների բաղադրությունը։ 



© NEWS.am Medicine