Բորոտություն առաջացնող բակտերիաները առաջարկվել են լյարդի բուժման համար

18:01   22 նոյեմբերի, 2022

Բորոտությամբ հիվանդ կենդանիների լյարդը վերականգնվում է, հայտնաբերել են Էդինբուրգի համալսարանի կենսաբանները։ Հետազոտական ​​թիմի աշխատանքը հրապարակված է Cell Reports Medicine ամսագրում։

Բորոտությունը հիվանդություն է, որը ախտահարում է մաշկը եւ պերիֆերիկ նյարդային համակարգը։ Այն առաջանում է երկու մակաբույծ բակտերիաներից՝ Mycobacterium leprae-ից կամ Mycobacterium lepromatosi-ից։ Առավել հաճախ բորոտությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Այսօր բորոտությունն այնքան էլ վտանգավոր չէ մարդկանց համար եւ համարվում է մոռացված հիվանդություն։ Բնության մեջ այս հիվանդության պատճառ հանդիսացող բակտերիաները ամենից հաճախ վարակում են զրահամորթներին։

Գիտնականներն ուսումնասիրել են բակտերիայով վարակված 45 զրահամորթների: Հետո նրանց լյարդը համեմատել են առողջ կաթնասունների լյարդի հետ։ Վարակված կենդանիների մոտ լյարդը զգալիորեն աճել է եւ նորմալ գործել։

«Եթե մենք կարողանանք որոշել, թե ինչպես են բակտերիաները խթանում լյարդի աճը՝ չառաջացնելով կողմնակի ազդեցություններ, մենք կարող ենք կիրառել այս գիտելիքները՝ մարդկանց մոտ լյարդի դեգեներացիա առաջացնող տարբեր հիվանդությունների բուժման համար», - բացատրել են գիտնականները:

Հետազոտողների խոսքով, բակտերիան էվոլյուցիա է ապրել եւ սովորել է մեծացնել բջիջների քանակը օրգաններում, որոնք շատ հարմար են դրանց վերարտադրության համար: M. leprae-ն վերածրագրավորում է լյարդի հասուն բջիջները՝ հեպատոցիտները՝ դրանք վերածելով ցողունային բջիջների, որոնք եւ խթանում են օրգանի աճը։ Հետագա աշխատանքներում հետազոտողները նախատեսում են ստուգել այս տեսությունը:



© NEWS.am Medicine