36-ամյա տղամարդը բրոնխիալ ծառի տեսքով արյան մեծ մակարդուկ է հազացել

14:46   5 դեկտեմբերի, 2022

Կալիֆոռնիայում 36-ամյա տղամարդը հազալիս արյան մեծ մակարդուկ է թքել, որը նման է բրոնխիալ ծառի։ Դեպքի մասին տեղեկացրել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի բժիշկները։ Նրանց հաշվետվությունը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում։

Տղամարդը հոսպիտալացվել էր սրտային անբավարարության ծանր վիճակով։ Նրա վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները պացիենտին օժանդակ փորոքային սարքի են միացրել, որը սրտին օգնում է արյուն մղել։ Այդ սարքը նաեւ կարող է մեծացնել թրոմբների առաջացման հավանականությունը, դրա համար օգտագորել են արյունը ջրիկացնող դեղամիջոց։

Բայց այդ դեղերը մեծացնում են արնահոսության եւ արյուն հազալու վտանգը։ Հաշվետվության համաձայն՝ պացիենտը հազի մի քանի դրվագներ է ունեցել, որոնց ժամանակ արյան ոչ մեծ քանակություն է հազացել։ Բայց հետո, հազի ուժեղ նոպայի ժամանակ հիվանդը արյան մակարդուկ է հազացել, որն ունեցել է բրոնխների՝ ճյուղավորված շնչառական ուղիների ձեւ։ Չնայած տղամարդն այլեւս արյուն չի հազացել, բայց, ցավոք, մեկ շաբաթ հետո մահացել է  սրտային անբավարարության բարդությունների պատճառով։

Երբեմն պացիենտները բրոնխիալ «ծեփ» են հազում՝ կազմված ավշից կամ լորձից։ Բայց արյունն այնքան պինդ չէ, որքան այդ նյութերը, ուստի արյան «ծեփ» հազալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Հեղինակները նշել են, որ պացիենտը ինֆեկցիա է ունեցել, որը բարձրացրել է թրոմբների առաջացմանը նպաստող ֆիբրինոգեն սպիտակուցի մակարդակը։ Նրանք ենթադրում են, որ ֆիբրինոգենի ավելի բարձր մակարդակն օգնել է, որպեսզի տղամարդու մոտ արյան մեծ մակարդուկն անվնաս մնա եւ հազի միջոցով դուրս գա բրոնխիալ ծառի տեսքով։



© NEWS.am Medicine