Հղիության ընթացքում շաքարախտը կարող է երեխայի մոտ աուտիզմ առաջացնել

16:02   21 դեկտեմբերի, 2022

Թայվանցի գիտնականները պարզել են հղիության ընթացքում շաքարախտի եւ երեխայի մոտ աուտիզմի առաջացման, զարգացման ձգձգման եւ ԴՑՊ-ի առաջացման միջեւ կապը։ Հոդվածը հրապարակվել է Developmental Medicine & Child Neurology-ում։

Ուսումնասիրությունը հիմնված է արխիվային տվյալների վրա: Վերլուծության մեջ ներառել են 877 233 երեխայի տվյալներ, որոնք ծնվել են 2004-2008 թվականներին Թայվանում, որոնց մայրերը հղիության ընթացքում տառապել են 1-ին, 2-րդ տիպի շաքարային դիաբետով կամ գեստացիոն շաքարախտով: 1-ին տիպի շաքարախտի ազդեցությունն ամենամեծն է եղել նյարդային զարգացման խանգարումների վրա, որին հաջորդել է 2-րդ տիպի շաքարախտը, ապա գեստացիոն դիաբետը։

1-ին տիպի շաքարախտը երեխաների մոտ հանգեցրել է զարգացման ձգձգումների, մտավոր հետամնացության եւ էպիլեպսիայի ավելի հաճախակի առաջացման: 2-րդ տիպի շաքարախտը՝ ի լրումն նախորդ հիվանդությունների, կապված է աուտիզմի սպեկտրի խանգարման, ուշադրության դեֆիցիտի խանգարման եւ ուղեղային կաթվածի ռիսկի բարձրացման հետ: Գեստացիոն շաքարախտը կապված է եղել աուտիզմի սպեկտրի խանգարման, ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի եւ զարգացման ձգձգման ռիսկի հետ։



© NEWS.am Medicine