Առողջապահության եւ կենսաբանության ոլորտի խոշորագույն հայտնագործությունները 2022 թվականին

20:49   6 հունվարի, 2023

2022 թվականը բավականին ծանր տարի էր հատկապես առողջապահության ոլորտում։ Covid-ի համավարակը շարունակում էր հիվանդացության եւ մահացության աճ առաջացնել։ Որոշ չափով մոռացված վիրուսները, ինչպիսիք են ծաղիկը, գրիպը եւ RSV-ն, անսպասելի գլուխ բարձրացրեցին: Իսկ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց վերարտադրողական ազատության գրեթե 50-ամյա իրավունքը, որը հաստատվել էր Roe v. Wade-ի որոշմամբ, գրում է Scientific American-ը։

Բայց 2022-ի նորությունները միայն վատը չէին: Ի վերջո, կենսաբանությունը եւ բժշկությունը հարստացան մի շարք հետաքրքիր ձեռքբերումներով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համաճարակաբանությունը, մարդկային էվոլյուցիան եւ արհեստական բանականությունը:

Ահա որոշ հայտնագործություններ, որոնք մարդկության ապագայի եւ մարդու առողջության համար ձեռքբեումների հույս են տվել մեզ:

ՄԵՆՔ ՔՈՎԻԴԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՍՏԱՑԱՆՔ

April 21 Image for Story 2_3_pyramid.jpg (185 KB)

COVID-ի դեմ պատվաստանյութերի մշակումը հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի հայտնաբերումից հետո մեկ տարվա ընթացքում, անկասկած, վերջին ժամանակներս բժշկության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Ապացուցվեց, որ mRNA տեխնոլոգիայի օգտագործմամբ մշակված երկու ամենաարդյունավետ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում ծանր հիվանդություններից եւ SARS-CoV-2-ի պատճառով մահից: Բայց վիրուսը շարունակում էր զարգանալ, եւ վիրուսի նոր տարբերակները մարդու իմունային պաշտպանությունը շրջանցելու միջոց էին գտնում: Բարեբախտաբար, պատվաստանյութեր արտադրողները մշակեցին նոր պատվաստումներ, որոնք ուղղված են ինչպես Omicron տարբերակին, այնպես էլ սկզբնական շտամին:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՎՈԼՈՒՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ

image04.jpg (4.73 MB)

Այս տարի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց Սվանտե Պաաբոյին՝ մեր նախնիների գենետիկական կապերի ոլորտում կատարած բացահայտումների համար: Շվեդ գենետիկ, Լեյպցիգի (Գերմանիա) Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենետիկայի բաժնի տնօրեն Պաաբոն առաջամարտիկ դարձավ հնագույն ԴՆԹ-ի վերակառուցման մեթոդների մշակման հարցում: Նա եւ նրա գործընկերները հաջորդականացրեցին նեանդերթալցիների գենոմը եւ հայտնաբերեցին հոմինինների նոր տեսակ՝ դենիսովցիներին: Հետազոտությունը հանգեցրեց ապշեցուցիչ բացահայտման, որ վաղ մարդիկ խաչասերվել են այդ այժմ անհետացած տեսակների հետ: Այս պարզունակ խաչասերումներից մենք ստացել ենք այնպիսի հատկանիշներ, որոնք որոշ մարդկանց մոտ մինչ օրս պահպանվել են, այդ թվում՝ մեծ բարձրության վրա գոյատեւելու կարողությունը եւ խոցելիությունը վարակների նկատմամբ, ինչպիսին է COVID-ը:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՐԻՆ ՄԵՌԱԾ ԽՈԶԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ

ynews-organex_-_schematic_2.jpg (83 KB)

Յելի համալսարանի գիտնականների խումբը մշակել է պերֆուզիոն համակարգ, որը վերականգնում է խոզի օրգանների կենսունակությունը կենդանիների մեռնելուց հետո: Համակարգը, որը հայտնի է որպես OrganEx, արյան եւ սննդանյութերով հարուստ հեղուկի խառնուրդ է մղել յուրաքանչյուր կենդանու արյունատար համակարգով:

Այս տեխնոլոգիան փոխպատվաստման համար մարդու օրգանները ավելի երկար պահպանելու հնարավորություն կարող է տալ:

ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԵՆ ԳՏԵԼ ՄԵՐ ԿՂԱՆՔՈՒՄ

5555.jpg (89 KB)

Պարզվում է, որ մարդկային թափոնները բազմաթիվ օգտակար տեղեկություններ են պարունակում վարակաբանների համար։

Կոյուղաջրերի ուսումնասիրման համակարգերը հետազոտողներին թույլ են տվել COVID-ի դեպքեր եւ SARS-CoV-2-ի նոր տարբերակներ հայտնաբերել որոշ շրջաններում՝ մինչ դրանք հիվանդացության բռնկում կառաջացնեին: Կոյուղաջրերի մոնիտորինգի միջոցով գիտնականները Նյու Յորք նահանգի եւ Մեծ Բրիտանիայի կոյուղիներում նաեւ պոլիոմելիտ առաջացնող վիրուս են հայտնաբերել: Գիտնականների խոսքով՝ այս տեսակի մոնիտորինգը կարող է նաեւ բացահայտել վայրիվերումները օփիոիդների օգտագործման մեջ կամ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների մակարդակում:

ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕԴԻ ՈՐԱԿԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

prana-provetrivanne-news.jpg (69 KB)

Մինչեւ COVID-ի համավարակը, մեզնից շատերը, հավանաբար, չէին մտածում այն մասին, թե ինչ օդ ենք մենք շնչում փակ տարածքում։ Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում պարզ դարձավ, որ SARS-CoV-2-ը հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, որը կարող է կուտակվել փակ տարածքներում եւ առաջացնել հիվանդություն: Բարեբախտաբար, մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկը՝ օդափոխելով շենքերը եւ զտելով այն օդը, որը շնչում ենք: Բացի այդ, փակ տարածքում մաքուր օդն այլ առավելություններ եւս ունի՝ այն նվազեցնում է ընդհանրապես շնչառական հիվանդությունների վտանգը եւ նույնիսկ կարող է օգնել մեզ ավելի հստակ մտածել:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

maxresdefault (1).jpg (93 KB)

Կենսաբանների համար ամենադժվար խնդիրներից մեկը սպիտակուցների եռաչափ կառուցվածքի կանխատեսումն է՝ նրանց ամինաթթուների հաջորդականության միջոցով: Սակայն այս տարվա սկզբին Google-ին պատկանող DeepMind ընկերության կողմից ստեղծված AlphaFold կոչվող արհեստական բանականության ծրագիրը թույլ տվեց որոշել մոտ 200 միլիոն սպիտակուցների եռաչափ կառուցվածքը: Այս կառույցներն արդեն հնարավորություն են տալիս գիտնականներին բացահայտել կենսաբանության առեղծվածները, եւ դրանք կարող են հանգեցնել նոր դեղագործական միջոցների ու գյուղատնտեսական ավելի դիմացկուն մշակաբույսերի ստեղծմանը:



© NEWS.am Medicine