Ստեղծվել են ոսպնյակներ, որոնք կարող են կանխել կուրությունը տարեցների մոտ

17:24   12 հունվարի, 2023

Պերդյուի համալսարանի ամերիկացի գիտնականները կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել գլաուկոմայի վաղ ախտորոշման համար, որը կուրության երկրորդ ամենատարածված պատճառն է տարեցների շրջանում: Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։

Գլաուկոման վաղ փուլերում ախտանիշներ չունի, արագ զարգանում է եւ կարող է մարդուն զրկել տեսողությունից: Հիվանդությունն ազդում է ավելի քան 80 միլիոն մարդու վրա ամբողջ աշխարհում, եւ դրանից խուսափելու միակ միջոցը ներակնային ճնշման վերահսկումն է: Նախկինում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներակնային ճնշման անկայունությունը կապված է ցանցաթաղանթի վնասման եւ գլաուկոմայի առաջընթացի ավելի մեծ ռիսկի հետ:

Ներակնային ճնշման անկայունությունը կարող է հայտնաբերվել միայն դրա երկարատեւ չափման դեպքում: Դրա համար կան հատուկ ոսպնյակներ, որոնք հագեցած են չիպով, ինչը հանգեցնում է ոսպնյակի հաստության եւ կոշտության բարձրացմանը, ինչը շատ դեպքերում անհանգստություն է առաջացնում հիվանդների մոտ:

Գիտնականները մշակել են փափուկ կոնտակտային ոսպնյակներ, որոնք անհանգստություն չեն առաջացնում եւ հարմար են ներակնային ճնշման շարունակական 24-ժամյա մոնիթորինգի համար, նույնիսկ տանը քնած ժամանակ: Բժիշկներն արդեն սկսել են համագործակցել մասնավոր ընկերության հետ, եւ մոտ ժամանակներս ոսպնյակները կարող են հասանելի դառնալ բժիշկներին եւ հիվանդներին։



© NEWS.am Medicine