Հակաբիոտիկները բարձրացնում են աղիների բորբոքման հավանականությունը

15:17   21 հունվարի, 2023

Հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը կարող է աղիների բորբոքային հիվանդություններ (ԱԲՀ) եւ խոցային կոլիտ առաջացնել։ Սա հատկապես վերաբերում է 40-ից բարձր տարիքի մարդկանց։ Այդ հիվանդությունների թվի աճ վերջին տարիներին նկատվում է ամբողջ աշխարհում, տեղեկացրել է The Health Site-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են Դանիայի քաղաքացիների բժշկական տվյալները, որոնք հավաքվել են 2000-2018թթ.։ Դիտարկվել են 10 եւ ավելի մեծ տարիքի ավելի քան 6,1 մլն մարդու տվյալներ։ Մասնագետներին հետաքրքրում էր, թե ինչպես են հակաբիոտիկներն ազդում ԱԲՀ-ի առաջացման վրա։

Վերլուծությունը ցույց է տվել, որ հետազոտվողների 91 տոկոսն ուսումնասիրվող ժամանակամիջոցում գոնե մեկ անգամ հակաբիոտիկներով բուժում է ստացել։ Նրանց  շրջանում ախտորոշվել է խոցային կոլիտի մոտ 36 017 եւ Կրոնի հիվանդության 16 881 նոր դեպք։

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ հակաբիոտիկների օգտագոծումը մեծացնում է աղեստամոքսային ախտահարումների եւ ԱԲՀ-ների առաջացման հավանականությունը, եւ տարիքի հետ այդ օրինաչափությունն ավելի էական է դառնում։

«10-40 տարեկան մարդկանց մոտ, որոնք հակաբիոտիկներ են ընդունել, ԱԲՀ-ի ախտորոշման հավանականությունը բարձր է եղել 28 տոկոսով։ 40-60 տարեկանների մոտ այդ հավանականությունը մեծ է եղել 48, 60-ից բարձր տարիքի անձանց մոտ՝ 47 տոկոսով»։

Մասնագետների կարծիքով՝ աղիների բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում կարեւոր դեր են խաղում աննպաստ փոփոխություններն աղիների միկրոբիոմում, որոնք տեղի են ունենում հակաբիոտիկների ազդեցության տակ։



© NEWS.am Medicine