Կանանց եւ տղամարդկանց սրտերը տարբեր կերպ են արձագանքում սթրեսի հորմոնին

14:32   22 հունվարի, 2023

Դեւիսում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների կողմից մշակված սրտի աշխատանքի պատկերման տեխնիկան ցույց է տվել, որ կանանց եւ տղամարդկանց սրտերը տարբեր կերպ են արձագանքում սթրեսի հորմոն նորադրենալինին: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների արձագանքը նորադրենալինին՝ նրանց սրտերը լույս են արձակել քիմիական ռեակցիայի ժամանակ, որն ուղեկցում է նորադրենալինի հանդեպ օրգանիզմի արձագանքին: Այս հորմոնը մասնակցում է «խփիր կամ փախիր» զգացողությանը, որի ժամանակ մարմինը մոբիլիզացվում է սպառնալիքը վերացնելու համար։

Արդյունքները ցույց են տվել, որ արու եւ էգ մկների սրտերը սկզբում նույն կերպ են արձագանքում նորադրենալինի ազդեցությանը: Սակայն կնոջ սրտի որոշ հատվածներ ավելի արագ են վերադառնում նորմային, քան տղամարդու, ինչը հանգեցնում է սրտի էլեկտրական ակտիվության տարբերությունների, որը սերտորեն կապված է առիթմիայի որոշ տեսակների հետ:

Գիտնականները դեռեւս չգիտեն, թե ինչ են նշանակում իրենց գտած տարբերությունները, բայց հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու են տղամարդկանց եւ կանանց մոտ առիթմիաները տարբեր կերպ զարգանում, ինչպես նաեւ՝ ինչու են նրանք տարբեր կերպ արձագանքում դեղամիջոցներին:



© NEWS.am Medicine