Առաջարկվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր սխեմա

18:47   21 հունվարի, 2023

Ամերիկացի գիտնականները մշակել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր սխեմա, որը տասը տարվա ընթացքում առաջին հաջողությունն է պացիենտների ապրելիությունը բարելավելու գործում։ Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները ներկայացվել են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի վերաբերյալ ASCO սիմպոզիումի ժամանակ:

Գոյություն ունեն քիմիաթերապիայի մի քանի ռեժիմներ, որոնք օգտագործվում են ենթաստամոքսային գեղձի նոր ախտորոշված մետաստատիկ քաղցկեղի բուժման համար։

Ուսումնասիրության համար ավելի քան 25 երկրներից 770 պացիենտներ պատահականորեն նշանակվել են չորս (NALIRIFOX-ի համադրություն) կամ երկու դեղամիջոց (NAB-paclitaxel եւ gemcitabine) ստանալու համար: Առաջին խմբում ընդհանուր ապրելիության մակարդակը կազմել է 11,1 ամիս, իսկ երկու դեղամիջոցներով խմբում՝ 9,2 ամիս։ Առանց քաղցկեղի առաջընթացի ապրելիության մակարդակն աճել է 1,8 ամսով՝  չորս դեղամիջոցներով թերապիայի միջոցով:

Որոշ կողմնակի էֆեկտներ, ներառյալ՝ լուծը, սրտխառնոցը, կալիումի ցածր մակարդակը, ավելի հաճախ  հանդիպել են չորս դեղամիջոց ընդունող պացիենտների մոտ, բայց սակավարյունությունն ու սպիտակ արյան բջիջների ցածր մակարդակը ավելի հաճախ են հանդիպել երկու դեղամիջոց ընդունած պացիենտների մոտ։

Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քիմիաթերապիայի նկատմամբ ավելի ագրեսիվ մոտեցումը կարող է օգտակար լինել այն պացիենտների համար, որոնք դրա նկատմամբ տանելիություն ունեն։ Արդյունքները կարող են հիմք դառնալ բուժման նոր ստանդարտի համար: 



© NEWS.am Medicine